— Դուք հանցանք չունիք և թերևս իրավունք ունիք․․․ ոտանավոր ունիմ գրած հայրենիքի վրա, սքանչելի կտորներ, պատվական տողեր, որոնց մեջ երևակայությունը, ավյունը, խանդն, հուրն ու բոցը սավառնաթև կը սլանան։
— Շատ աղեկ, ատոր համար լալո՞ւ է։
— Մեր ազգն անոնց հարգն ու պատիվը չի ճանչնար, զանոնք աղայական բաներ կը կարծե և թող կուտա, որ զանոնք գրողը անոթի մնա։
— Ես ի՞նչ ընեմ։
— Կաղաչեմ, քաղցրությամբ վարվե՛ հետս։
— Ի՞նչ ըրած ունիմ քեզի։
— Ձեզի պիտի աղաչեի, որ․․․
— Ի՞նչ, շո՛ւտ ըսե․․․
— Մի՛ պոռար երեսս ի վար, հոգիդ սիրես, հիմա կսկսիմ լալ․․․
Նորեն սկսավ լալ գրագետը։
— Տեր աստված, դուն համբերություն տուր ինծի,— ըսավ Աբիսողոմ աղան մեկուսի։
— Խնդիրքս սա էր, որ կուզեի տպել տալ քիչ մը առաջ կարդացած ճառս․․․
— Գնա տպել տո՛ւր․ քու ձեռքեդ բռնող կա՞։
— Պիտի խնդրեի ձեր մեծապատվութենեն, որ տպագրության ստակը դուք տայիք։
— Ինչո՞ւ․․․ ի՞նչ պատճառ կա, որ քու ճառիդ համար ես դրամ տամ։ Լսվա՞ծ բան է, որ մեկը իրեն շահուն համար գիրք տպե․ և ծախքն Աբիսողոմը տա․․․
— Կը խնդրեմ, սիրտս արդեն խոցված է, դուք ալ նոր վերք մը մի՛ բանաք հոս։
— Ինչո՞ւ վերք պիտի բանամ եղեր․ գնա՛ բանդ, եղբա՛յր, փորձանք եղար գլխուս։
— Գիտե՞ք՝ որքան ծանր է գրագետի մը ասանկ խոսքեր լսելը․․․
— Չեմ գիտեր և գիտնալ ալ չեմ ուզեր։
— Բանաստեղծի մը սիրտը շատ փափուկ է, ամենաթեթև խոսքե մը կվիրավորվի։ Այս նյութին վրա ոտանավոր մը գրած ունիմ, կարդամ, մտիկ ըրե՛ք։
— Ոտանավոր մտիկ ընելու ժամանակ չունիմ։
— Կաղաչեմ, ոտանավորիս հետ խստությամբ մի՛ վարվիք․ այն ոտանավորին համար, զոր դուք չեք ուզեր մտիկ ընել, երկու ամիս աշխատած եմ ես և երբ որ անոր նախատվիլը տեսնեմ, արժանապատվությունս կը վիրավորվի։ Կաղաչեմ, ոտանավորիս համար գեշ մի զրուցեք․․․։ Կը խնդրեմ, թույլ տվեք ինձ կարդալ զայն անգամ մը․․․
— Ես ոտանավոր մտիկ ընելու չեկա հոս։
— Շատ լավ․ ողբերգություն մը գրած եմ, անոր վրայեն անցնինք։