Jump to content

Էջ:Metsapativ murackanner.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Շատ աղեկ․ ադ ըսածդ գրե՛։

— Գլխուս վրա։

— Բայց աղվոր բան մը ըլլա։

— Շատ լավ։

— Այնպես որ տեսնողը հավնի։

— Հարկա՛վ։

— Վաղը առտու կը բերե՞ք։

— Վաղը առտո՞ւ․․․ ի՞նչ կըսեք․․․ մեկ ամիսեն հազիվ կրնամ պատրաստել։

— Մե՞կ ամիսեն։

— Հազիվ․ ոտանավորը կարդալը դյուրին է, բայց գրելը՝ դժվար։ Գեղե­ցիկ ոտանավորի մը համար քիչեն քիչ երկու ամիս պետք է։

— Ի՞նչ կըսեք․․․

— Այո՛, բայց ես կաշխատիմ ամիսե մը լմնցնել։

— Ատ ի՞նչ դժվար բան է եղեր։

— Ի՞նչ կարծեցիք հապա․ երկու ամիս պիտի սպասեմ, որ մուսաս գա և ներշնչե ինծի, որպեսզի գրեմ․ առանց մուսայի ոտանավոր չի գրվիր։

— Եթե այդ մուսան գալու չըլլա՞․․․։

— Անպատճառ կուգա։

— Չկրնա՞ր ըլլալ, որ նամակ մը գրես և աղաչես իրեն, որ շուտ մը գա և դուն ալ երկու ամիս չսպասես։

— Անիկա ինքնիրեն կուգա, նամակի պետք չունի, մեծապատիվ տեր։

— Ո՞ւր կը նստի․․․ շատ հեռո՞ւն է։

— Այո՛, շատ հեռու է, բայց կուգա։

— Ցամաքե՞ն, թե ծովեն։

— Չէ՛, մեծապատիվ տեր, չէ՛։

— Ո՞վ է ուրեմն սա գետնին տակն անցնելու մարդը․․․ ուսկի՞ց պիտի գա․․․ ըսե, որ ճամփա մը մտմտանք ու բերել տանք․․․ Եթե մեկ երկու ոսկի տանք, այս շաբաթ կուգա՞։

— Այ՛ո, երկու ոսկի տալուդ պես գործը կը դյուրանա, և մուսաս այս շաբաթ վազելով կուգա,— պատասխանեց անմուսա բանաստեղծը ոսկի բառը լսելուն պես։

— Գրե՛ ուրեմն իրեն, իմ կողմես ալ հատուկ բարևներ ըրե և ըսե, որ Աբիսողոմ աղան քեզ տեսնել կուզե։

— Գլխուս վրա։ Մնայք բարյավ, տեր, շնորհակալ եմ ձեզմե, ծառա եմ ձեր մեծապատվությանը և կաղաչեմ ընդունիք․․․

— Ոչ,— ըսավ Աբիսողոմ աղա բարկությամբ,— ա՛լ երկար ըրիր, ահա ինչ որ ըսիր, ընդունեցի և դեռ ի՞նչ կուզես, որ ընդունիմ․․․