Jump to content

Էջ:Metsapativ murackanner.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ներեցե՛ք կերակուրս այսչափ ուշացնելուս համար, ուրիշ իրիկուններ ձեր ուզած ժամուն կրնաք ուտել․ այս գիշեր քանի մը պատճառներ թող չտվին, որ սեղանն ժամանակին պատրաստվեր․ այս պատճառները վերջը կպատմեմ ձեզի։ Ի՞նչպես եք, տեսնենք, Աբիսողոմ աղա, հանգի՞ստ եք,— հարցուց Մանուկ աղան ձայնին աստիճանն իջեցունելով։

— Շատ հանգիստ եմ։

— Շնորհակալ ենք, մեր բարեկամն ի՞նչպես է Տրապիզոն։

— Աղեկ է, հատկապես բարև ըրավ ձեզի։

— Բերող տանողն ողջ ըլլա։ Եթե ձեզի գավաթ մը օղի տամ, կը տնկե՞ք․ ախորժակ կը բանա։

— Գավաթ մը միայն կը խմեմ։

— Շատ լավ․ հրամմեցեք։

Մանուկ աղան երկնցուց գավաթն Աբիսողոմ աղային, որ ի մի ումպ կլլեց զայն, այսինքն օղին․ գավաթը չհասկնաք։

— Անուշ ըլլա, Աբիսողոմ աղա։

— Շնորհակալ եմ։

— Ձեր կենդանությանը։

— Ողջ եղե՛ք։

Մանուկ աղան օղին ջրով բարեխառնելեն ետքը խմեց զայն ի չորս ումպ։

— Տիկինը մինչև որ կերակուրներն տաքցունե և բերե, մենք կրնանք խոսիլ և ժամանակ անցունել, այնպես չէ՞, Աբիսողոմ աղա։

— Այո,— պատասխանեց հյուրն այնպիսի եղանակով մը, որ կը հասկուցներ, թե ավելի լավ էր նախ կերակուր ուտել և ապա խոսիլ։

— Մտիկ արեք ուրեմն այսօր մեր գլուխն եկածները։ Քանի մը շաբաթե է վեր թաղականի մը ընտրության ետևե ինկած ենք։ Դուք հիմա ձեր մտքեն պիտի ըսեք, թե՝ մարդ, թաղականը քուկին ինչո՞ւդ պետք։ Անանկ չէ, Աբիսողոմ աղա, ազգին գործը ես չնայիմ, դուն չնայիս, ան չնայի, ո՞վ նայէ ուրեմն․ ինչուս պետքը շատ գեշ բան է, անով ամեն մարդ մեկդի կը քաշվի, և ազգին գործերն ալ երեսի վրա կը մնան։ Իմ գիտցածս՝ ամեն մարդ ձեռքեն եկածին չափ ազգին գործերուն ալ աշխատելու է։ Հատ մ՚ ալ կը խմե՞ք, Աբիսողոմ աղա, ախորժակ կը բանա։

— Սովորություն չունիմ մեկ գավաթեն ավելի խմելու։

— Մեր գավաթներն պզտիկ են, մանավանդ թե Պոլսո օդն ալ կը վերցունե։

— Շատ լավ։

Երկու բարեկամներ մեյմեկ գավաթ ևս խմեցին իրարու կենդանությանը, և Մանուկ աղան սկսավ ատենաբանության։

— Այս առտու,— ըսավ,— մեր թաղեն ազգային զբոսարանը գացած ժամանակս, ձեզմե աղեկ չըլլա, մեր բարեկամներեն Մելքոն աղային հանդիպեցա։ Այս