— Ես ատանկ բաներու չեմ նայիր։
— Արդարև մայրաքաղաքս ինքզինքը բախտավոր համարելու է ձեզի պես պատվական ազգային մը, շնորհալի երիտասարդ մը, ողջամիտ մեկը․․․
— Սնդուկներս․․․
— Ազնիվ սիրտ մը, վեհանձն հոգի մը․․․
— Բեռնա․․․
— Հայրենասեր անձ մը․․․
— Կիրները․․․
— Ազգասեր, ուսյալ, կրթյալ․․․
— Սնդուկ․․․
— Դաստիարակյալ․․․
— Ներս առին, տարին․․․
— Ազնվասիրտ, ազնվախոհ, ազնվադեմ մեկը իր մեջ ունենալու համար։
— Սնդուկներուս մեջ ատանկ բաներ չկան,— պատասխանեց Աբիսողոմ աղան քալել սկսելով՝ բեռնակիրները գտնելու համար։
— Թեպետև դուք զիս չեք ճանչնար, բայս ես ձեր գերդաստանը խիստ լավ կը ճանչնամ․ ձեր լուսահոգի հայրն իմ լրագրույս բաժանորդ էր։ Շատ բարի մարդ մ՚ էր, աղքատներուն ողորմություն կուտար, աղքատ աղջիկներ կը կարգեր և իրեն դիմողներուն բարություն կըներ։ Ասանկ ողորմած մարդերը շատ ապրելու են, բայց, ի՞նչ օգուտ, անգութ մահը միշտ բարիները կառնե և թող կուտա չարերն, որ ազգին չարություն ընեն։ Թողունք սակայն հիները և ուրիշ բանի վրա խոսինք։ Շոգենավուն մեջ հանգի՞ստ էիք։
— Շատ հանգիստ էի, պատվականապես կերա, խմեցի և պառկեցա,— պատասխանեց Աբիսողոմ աղան՝ քայլերն շուտ առնել սկսելով։
— Եթե հանգիստ չըլլայիք, վաղվան լրագրույս մեջ պիտի գրեի և ընկերության ուշադրությունը պիտի հրավիրեի,— ըսավ խմբագիրն ետևեն վազելով։
— Շնորհակալ եմ։
— Կաղաչեմ, ըսեք ինձի, քանի՞ տարեկան եք։
— Քառասուն։
— Վաճառական եք, կարծեմ։
— Այո․․․ եթե անցագիր պիտի շինել տաք, հարկ չկա, վասնզի հատ մը ունիմ։
— Չէ, վաղվան թերթիս մեջ պիտի գրեմ, որ առջի օրը Տրապիզոնեն մայրաքաղաքս եկավ մեծապատիվ Աբիսողոմ աղա երևելի վաճառականն, որ յուր լեզվագիտությամբ և վաճառականական հմտությամբն ծանոթ է մեր ազգայիններուն։ Տաճկերեն գիտեք կարծեմ։
— Ո՛չ։
— Ֆրանսերե՞ն։