Էջ:Metsapativ murackanner.djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


կրող ազգասերներ պակաս չեն, վասնզի այն ազգն, որ ազգասեր չունի յուր մեջ, ազգ չէ։

— Այո՛։

— Փոխադարձաբար այն ազգասերն ալ, որ ազգ չունի, ազգասեր չէ։

— Շիտակ է։

— Այս երկուքն իրարու հետ այնպիսի սերտ կապակցություն մ՚ ունին, որ իրարմե բաժնելուդ պես՝ երկուքն ալ կը կորսվին։

— Այնպես է։

— Ազգ մը, որ յուր աշխատավորները չքաջալերեր,— ավելցուց հյուրն միշտ ծանր և լրջագույն եղանակով մը,— ազգերու կարգ անցնելու բնավ իրավունք չունի։

— Շատ աղեկ կը խոսիք։

— Եվ երբ աշխատավոր մը վարձքը չընդունիր յուր ազգեն, բնականաբար կը վհատի և երբեմն կը խորհի երթալ ինքզինքը ծովը նետել։

— Ատ տղայություն է։

— Ներեցե՛ք, Աբիսողոմ աղա, եթե մեր այս առաջին տեսությանը քիչ մը համարձակ կը խոսիմ ձեզի հետ։

— Հոգ չէ։

— Ծառադ վեց տարի Եվրոպա մնացած եմ և բժշկություն սորված եմ։

— Աղեկ արվեստ։

— Գիշերները քունս ծախելով կարդացած ու գրած եմ, որպեսզի քաղաքս դառնամ և ազգիս ծառայություն ընեմ։

— Մարդ ալ յուր ազգին ծառայություն ընելու է։

— Երկու տարի է, որ հոս կը գտնվիմ, և մինչև այսօր հազիվ չորս հիվանդ նայած եմ․ հասկցիր, թե ի՞նչպես կը քաջալերվին հոս բժիշկները։

— Ցավալի բա՜ն․․․ այս տեղացիները հիվանդ ըլլալու սովորություն չունի՞ն․․․

— Ունին, բայց հոս հիվանդները ազգային զգացում չունին, Հայաստանի վրա գաղափար չունին։

— Ի՞նչ կըսեք։

— Այո՛, երբ հայ մը հիվանդ ըլլա, օտար ագգե բժիշկ մը կը բերե յուր տունը՝ առանց գիտնալու, թե հայու ցավն հայը կարող է միայն բժկել, առանց համոզվելու, թե օտարը չէ կարող հայու ցավուն դարման ըլլալ։ Այսօրվան օրս երկու հազարեն ավելի հայ բժիշկ կա․ ասոնց մեջեն հինգ վեց հատը, մանա­վանդ երկու երեք հատը պատվական կյանք կանցունե, և անդին մնացածը ամեն օր բերանը բաց կսպասե, որ հիվանդ մը ներկայանա իրեն և ստակ առնե։

— Գեշ վիճակ։

— Ի՞նչ ընեն ազգային բժիշկներն, երբ ազգային հիվանդներն օտարներու