Jump to content

Էջ:Metsapativ murackanner.djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և իգականն միանգամայն կներկայացնե։ Ի՞նչ հանցանք ունի ճերմակե­րես Ծերենցն, երբ յուր ներկայացնելիք անձերն խորամանկ են․— Ներեցե՛ք, Աբիսողոմ աղա և տեր բժիշկ, եթե ձեր խոսակցությունն ընդմիջեցի․ ի բնե քիչ մը անհամբեր եմ․ երբ խոսքին կարգը գա, չեմ կարող ինքզինքս բռնել, որչափ ալ այս բնավորությանս պատիժը կրած ըլլամ և կրեմ։— Այո՛, Ծերենցն կը ներկայացնե անձերն ոչ թե ինչպես որ են, այլ ինչպես որ կերևին։ Ծե­րենցն այս մասին որչափ ալ երկնցնե յուր մազերն, իրավունք ունի, վասնզի ունինք հեղինակներ, որոնք Ծերենցեն ավելի երկար մազ ունին և կը ներկա­յացնեն իրենց անձերն ոչ թե ինչպես որ են, այլ ինչպես որ կուզեն իրենք, որ ըլլան անոնք։ Ասոր համար է, որ կին-հեղինակներն, երբ Հայկ կամ Վարդան[1] կամ Արտաշես[2] ներկայացնել ուզեն, Վիքթոր Հյուկոյի[3] խոսքերը կամ Մոլթքեի[4] կարծիքները կը դնեն անոնց բերնին մեջ։ Ասոնք կը կարծեն, թե երբ Ադամ յուր ժամանակին հատուկ պարզությանը մեջ ներկայացնեն, կը կորսունեն իրենց տաղանդն, եթե ունին, կամ կը վնասեն իրենց հանճարին, զոր ունենալ կը կարծեն, կամ վերջապես կը զրկվին այն համբավեն, զոր վաստկիլ կերազեն։ Ո՞վ ըսած է այս ողբերգակներուն, թե ավելի դժվար է մեկուն պատկերն ճշտությամբ նկարելն, քան թե երևկայությամբ անբնական պատկեր մը գծելն․ ո՞վ պոռացած է ասոնց ականջն ի վար, թե նկարիչ մը պատկերներ ստեղծելու սկսելե առաջ՝ պատկերներ ընդօրինակելու է։— Ոչ ոք։ Եվ ով կը հանդգնի այս փափուկ ժամանակին մեջ ուրիշի մը գործն անաչառա­բար քննադատելու։ Մեր քննադատները, քիչ բացառությամբ, ակնոց ակնոցի վրա կդնեն գործի մը մեջ գեղեցիկ կտորներ փնտրելու համար․ փնտրելու համար և ոչ թե տեսնելու համար, վասնզի տեսնված բանը չփնտրվիր։ Ասոնք բնավ տարբերություն չունին գրաքննիչներեն, որք որևէ հրատարակության մը մեջ միայն տգեղ կտորներ կը փնտրեն։ Չեմ տեսած քննադատ մը, որ տգեղ հրատարակության մը կոկորդեն բռնե, սղմե և սպանե զայն։ Սպանելու չէ,


  1. Վարդանը Մամիկոնյան նախարարական տոհմի հայտնի ներկայացուցիչն էր, պետական գործիչ և զորավար, հռչակվեց Ավարայրի դաշտում տեղի ունեցած ճակատամարտով, որտեղ պարտություն կրեց պարսից զորքերի կողմից (451 թ․) և սպանվեց։
  2. Արտաշես մի քանի հայ թագավորների անունն է։
  3. Վիկտոր Հյուգո (1802—1885)— ֆրանսիական բանաստեղծ, վիպասան և դրամատուրգ. ռոմանտիկական դպրոցի պարագլուխն էր Ֆրանսիայում։ Նրա նշանավոր երկերից մի քանիսը թարգմանված են հայերեն։
  4. Մոլտկե կոմս (1802—1885) պրուսական գեներալ-ֆեդմարշալ էր, գլխավոր շտաբի պետ․ հռչակվել է որպես ռազմագետ (մանավանդ 1870—71 թ․) ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ։