Jump to content

Էջ:Metsapativ murackanner.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հյուրերդ ի՞նչ վնաս ունին։

— Ի՞նչպես վնաս չունին․ երկու առտու է, որ դուրս ելնել կուզեմ և թող չեն տար․ կուգան, երկու ժամ գլուխ կը ցավցունեն։ Բայց վաղը առտու ան­պատճառ պիտի ելնեմ, վասնզի պատկերս քաշել պիտի տամ։

Բժիշկը դարձյալ հարցման ձևը փոխեց հարցնելով․

— Փորդ ի՞նչպես է։

— Ամենուն փորին պես փոր է։

— Պի՞նդ է։

— Ո՞վ գիտե․․․ իրավ որ օր մը օրանց հետաքրքրություն ունեցած չեմ հասկնալու համար, թե պի՞նդ է, թե ոչ․ ո՞վ պիտի նայի անանկ բաներու։

— Աբիսողոմ աղա, ամեն օր մեծ գործ կընե՞ս,— հարցոց վերջապես բժիշկը ճարը հատնելով։

— Այո՛, այո՛, ամեն օր մեծ գործ կը տեսնեմ։

Ո՜վ մեծագործություն․․․

Ո՜վ մեծախոսություն․․․

— Շատ լավ,— պատասխանեց բժիշկն,— ես վաղն առտու նորեն կուգամ ձեզ տեսնելու։

— Կըլլա։

— Մնաք բարով․ հոգ մի ընեք, ձեր տկարությունը քանի մը դեղով կանցնի։

— Շնորհակալ եմ։

Բժիշկն գլխարկն առնելով մեկնելու վրա էր, երբ Աբիսողոմ աղան ըսավ անոր․

— Գրելիքդ չմոռնաս։

Բժիշկը խորհիլ սկսավ, թե ի՛նչ էր գրելիքը, և շուտ մը հիշելով՝ պատաս­խանեց․

— Այո՛, այո՛, միտքս է, լրագրի մը մեջ պիտի գրեմ ձեր անունը։ Մնաք բարով։

— Երթաք բարով։

Բժիշկը մեկնելուն պես Աբիսողոմ աղան ըսավ ինքնիրեն․

— Վախցա, որ բժիշկը կըսե, թե «դուն հիվանդություն մը չունիս» և շինծու հիվանդ ըլլալս հայտնի կըլլա․ բայց պարապ տեղը վախցած եմ, վասնզի անիկա ոչ թե միայն չհասկցավ հիվանդ չըլլալս, այլ ըսավ նաև, թե քանի մը դեղով կանցնի հիվանդությունդ։ Էհ, պարոն բժիշկներ, դուք բան մ՚ ալ չեք հասկնար, և մամս իրավունք ուներ բնավ բժիշկ չկանչելու։ Ես բան մը չունիմ, տեր բժիշկ,— շարունակեց,— անունս լրագրի մեջ գրել տալու համար հիվանդ եղա․․․