Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
. . .

Միքայել Նալբանդյանի երկերի լիակատար ժողովածուի նոր ակադեմիական հրատարակության անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել: 1954 թվականին, հրապարակախոսի ծննդյան 125-ամյակի առթիվ, Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը հանձնարարեց Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտին` նախապատրաստել այդ հրատարակությունը: Այն ժամանակ էլ 50-ական թվականներին, ինստիտուտում աշխատանքներ սկսվեցին այդ ուղղությամբ, որոշվեցին ապագա հրատարակության հատորների կազմն ու բնույթը: Մ. Նալբանդյանի երկերի նոր հրատարակության աշխատանքներին գործուն մասնակցություն ցույց տվեցին այնպիսի ճանաչված մասնագետներ, ինչպես խոշորագույն նալբանդյանագետ Հայկական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը, բանասիրական գիտությունների դոկտորներ Արամ Ինճիկյանը և Խորեն Սարգսյանը:

Դժբախտաբար, սկսված աշխատանքներն ընդհատվեցին և մատնվեցին մոռացության: Միայն 20 տարի անց Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը հնարավորություն ունեցավ վերսկսելու Նալբանդյանի երկերի լիակատար ժողովածուի նախապատրաստման գործը: Աոաջին հատորը, որն ընդգրկում է Նալբանդյանի չափածո և արձակ գեղարվեստական երկերը, լույս է ընծայվում մեծ հեղափոխական-դեմոկրատի ծննդյան 150-ամյակի առթիվ, որը լրանում է 1979 թվականի նոյեմբերին:

Ելնելով տեքստաբանության ժամանակակից պահանջներից և Նալբանդյանագիտության նորագույն նվաճումներից, բոլոր երկերի բնագրերը նորից համեմատվել են ու ճշտվել ըստ առանձին հրատարակությունների կամ պահպանված ձեռագրերի, էապես փոխվել կամ լրացվել է հատորների գիտական ապարատը:

Միքայել Նալբանդյանի երկերի ժողովածուի նոր հրատարակությունը, որ պետք է լինի ամենից ամբողջականն ու հավաստին, գիտական հասարակայնությանն ու ընթերցող լայն շրջաններին կօգնի ավելի խոր և լրիվ պատկերացնելու մեծ հրապարակախոսի, գրողի և մտածողի վիթխարի տեղն ու դերը հայ գրականության և հասարակական մտքի պատմության մեջ:

12