կան, սորա նորա անցքը իմանալու, խոսելու և շատ անգամ պատգամախոսի պաշտոնը հոժար սրտով վերաներէ առած. գուշակելով մի մարդու ապագան, չէին իմանում թե ի՞նչ գործով է պարապում Թյությունճի-Օղլուն, կամ ի՞նչ աղբյուրից ստանում է նա արծաթ, յուր ընտանիքը կառավարելու համար։ Ոմանք ասում էին, թե հետը բերած արծաթ ուներ կամ գոհարեղենք, երբ եկել էր Նախիջևան. որպես թե կամաց-կամաց վաճառում է և նորանցից ստացած արծաթովը ապրում է. բայց նորա Նախիջևան գալը արդեն տասն և յոթ տարի էր. պատճառ, Մանուշակը մի տարեկան ծծի երեխա էր, երբ մի քանի հայ առաջին անգամ տեսել էին այս ընտանիքը Տագանրոգի մաքսատան մեջ, նարինջ գնելու գնացած լինելով այնտեղ ապրիլի մեջ։ Իսկ այս միջոցին Մանուշակի 18 տարեկան լինելը, համարյա թե պաշտոնական լուր էր այն փողոցի պառավների բերանումը, որոնք աշխարհի երեսին երկու բան գիտեն, աղեկատ մանել և ուրիշի աղջիկների հասակի ճիշտ մետրիքական մատյան վարել։ Ինչպե՛ս և իցե, մի հաստատ խոսք չկար Նախիջևանումը այս մարդու վերա, այնտեղ, ուր շատ անգամ շատ մարդիկ դրականապես, ապացուցանում են կամ հերքում են մի բան առանց ամենևին իմացած լինելու բանի զորությունը, այլ մի միայն յուրյանց եթերային տրամաբանությամբ։ Այսքան միայն հայտնի էր, որ Թյությունճի-Օղլուի ապրուստը շատ պարզ էր, նորա կեցությունը շատ հասարակ. մարդ և կին տարին երկու ձեռք հագուստի տեղ մի ձեռք էին կարում յուրյանց, երկրորդի գումարը տնտեսելով Մանուշակի պիտույքների համար։ Կինը շատ անգամ ասում էր, եթե Թյությունճի-Օղլուն ոգևորված խոստանում էր մի ավելորդ հալավ կարել յուր կամ կնոջ համար, թե «մա՛րդ, մեք աղջիկ ունինք հարս տալու, պետք է նորա համար պատրաստություն տեսանել»։ Այս խոսքը Թյությունճի-Օղլուի համար մի այնպիսի բացասական էլեկտրականություն էր և այնչափ ազդու, որ իսկույն անգործ էր կացուցանում նորա բորբոքված դրական էլեկտրականությունը:
Բայց թե նոքա ի՞նչպես էին հագցնում յուրյանց մի հատիկ Մանուշակը, արդարև արժան էր, որ ամենայն ծնող օրինակ առնուր նոցանից. նորա հագուստները մաքուր, գեղեցիկ, նոր և արժանավոր պաստառներից։ Թյությունճի-Օղլուի կինը, որին դեռ չենք ծանոթացրել մեր ընթերցողքը, շատ սրտաբաց կին էր. կարճահասակ, հաստամարմին, և հիսուն տարեկան հասակը արդեն