Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ուրեմն տանը ոչ ոք չկար բացի Մանուշակից, որ միայն մնացած նստել էր պատուհանի տակ և կարում էր յուր կարը։

Տան լռությունը ընդհատվում էր գեթ ճպուռի ձայնովը, որ մի անկյունում կատարում էր յուր երգեցողության վերջին հանդեսներից մինը. պատճառ, ձմեռը շուտով փակելու էր ահա նորա բերանը մինչև մարտ ամիսը։ Այս տխուր, լուռ ու մունջ բնակարանի մեջ մանավանդ զգայի էր Մանուշակի գեղեցկությունը. նորա գլուխը ծածկած էր գեղեցիկ թավիշյա ֆեսով, որի շրջանակը կարած էր չերքեզի ոսկեթել ժապավենով, և որի վերա ձախ կողմումը տատանում էր գեղեցիկ ոսկեթել փունջը ամեն մի ասեղ կոխելու և հանելու ժամանակ։ Շագանակագույն մազերը ճակատի վերայից բաժանած և ականջի վերայով ետ տարած ու մի գես հյուսած, ինչպես մոր գեսը, մի նկարչական ստվեր էր ձգում նորա թարմ վարդա-շուշանագույն երեսի վերա, նորա խարտյաշ աչքերը թեպետ և ուղղեցած էին դեպի յուր կարը, այսուամենայնիվ փայլում էին խիտ և երկայն թերթերուկների միջից։

Սորա կապան նման չէր Թյությունճի-Օղլու տիկինի կապային, այլ կարած նոր եվրոպական ձևով, իրանը գեղեցիկ քաշած, այնպես, որ մեջքի տրամագիծը հազիվ թե լինում էր տասն բթաչափ, կուրծքի սեգմենտից երևում էին սպիտակ մարմարիոնյա գունդերի վերին կիսաբաժինքը, և լավ ուշ դնողի համար կարելի էր նկատել, որ նորա կուսական սիրտը զարկում էր մի րոպեում ո՛չ առավել, քան թե ութսունևհինգ անգամ։

Վիզը կապած էր մի նեղ թավիշյա սև ժապավեն, որի տակից առանձին ոսկի շղթայով կախած փոքրիկ և գեղեցիկ ոսկի խաչը բարձրանում էր և ցածանում էր նորա շնչառության հետ միասին։

Դուռը բացվեց հանկարծ, և շեմքի վերա երևեցավ այն մարդը, որ փողոցից մտել էր սոցա բակը։ Մանուշակը այլայլեցավ, վեր թռավ տեղից և ձեռքից թողնելով կարը, պատրաստ էր ահա փախչել դեպի յուր ննջարանը, մինչ այն մարդը ևս նույնպես ամբոխված, առանց հառաջ խաղալու շեմքի վերայից, հարցրեց նորանից, թե տա՞նն էին արդյոք նորա ծնողքը։

Մանուշակը այս հարցմունքի վերա շփոթված կարմրեցավ մինչև ականջները և աչքերը գեպի գետին կորացուցած, մի փոքր լուռ կանգնելուց հետո, վազեց յուր ննջարանը և շուտով փակեց


173