Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կամենում էիք տևսանել Մանուշակս, այնպես չէ՞, պարոն Մկրտիչ, բայց նա միայն ամաչել էր, ի՞նչ առնես, աղջիկ տղա է, նորան այնպես կվայելե։

— Չէ․ ես ձեզ տեսանելու և խնդրելու եկել էի,— ասաց կակազելով պարոն Մկրտիչը, — որ եթե կարելի է այս յոթն շաբաթի մեջ հարսանիք առնեինք. պատճառ, ես հիսնակից հետո գնալու եմ Ղրիմ և կմնամ այնտեղ մինչև զատիկ. զատկից հետո մինչև առաջին պսակները չէ կարելի այդ, իսկ հունիսի մեջ, ես նույնպես միտք ունիմ...

— Երթալո՞ւ դարձյալ,— հարցրեց Թյությունճի-Օղլու տիկինը,— ո՞ր կողմ... Աստված հաջողե։

— Տիկի՜ն, առակ կա, ասում են, թե «երեխային միրգ խոստացիր, սուրբին մոմ», այսինքն, որ խոստացել ես, պիտի կատարես:

— Դու ուխտի մասին ես խոսում,— շարունակեց Թյությունճի-Օղլու տիկինը:

— Ամենևին այդպես,— պատասխանեց պարոն Մկրտիչը,— ձեզ հայտնի է, որ ես դեռ անցյալ տարի պիտի երթայի, եթե եղբայրս չվախճաներ, բայց այս տարի անպատճառ պետք է գնալ, ուխտ դնել և չկատարելը հաջողության մեծ վնաս է, ավուր կարճություն է. մանավանդ ես ինչ որ խնդրել եմ, ուխտ դնելով, ստացել եմ, փառք աստուծո։

— Շատ բարի,— պատասխանեց Թյությունճի-Օղլու տիկինը,— աստված ընդունելի առնե. բայց որդի՛ս, բանը այս է, որ մեք դեռևս պատրաստություն չունինք։ Նա[1] ևս անցյալները, որ խոսում էինք ասաց թե ամառը աստուծով Մանուշակի հարսանիքը կկատարենք, բարով փեսաներս կգա սուրբ Կարապետիր, բայց եթե դուք անպատճառ կամենում եք, ի՞նչ պիտո է առնել, խոսքը կտրիճինն է...

Պարոն Մկրտիչը չթողեց, ոը ավարտեր Թյությունճի-Օղլու տիկինը յուր խոսքը, իսկույն բռնեց նորա մսի ավիշկով և յուղով տոգորված ձեռքը և ջերմ ջերմ համբուրեց։

— Խորհուրդ մարդկան, կամք աստուծո,— շարունակեց Թյությունճի-Օղլոլ տիկինը,— ես նորա հետ ևս կխոսեմ և կհայտնեմ

175
  1. Նախիջևանի կանայք, եթե «նա» ասեն, պիտի այրը հասկացած, պատճառ,ամոթ է այր ասել կամ անունը տալ, փոքր ինչ հասակավոր կանայքը մարդ են ասում: