Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օրվա մեջ. կին մարդու սիրտը շատ քնքուշ է և դյուրաշարժ. ճշմարի՛տ է, կանայք երկչոտ են, բայց թե բանը հասավ հուսահատության, ո՞րտեղ կդիմանա նորան այր մարդը։

Նամակը կնքելուց հետո, մեք ոչինչ նշան չտեսանք Մանուշակի մեջ, որ ցույց տար նորա նամակը ուղարկելու պատրաստությունը. նա թեև ամբոխված, այնուամենայնիվ կարում էր յուր կարը, նստած պատուհանի տակ։

— Ողորմությո՛ւն արեք, ողորմությո՜ւն արեք,— ասաց մի ձայն փողոցից, պատուհանի տակում։

Մանուշակը դուրս նայեց պատուհանից և տեսավ մի աղքատ պառավ կին։

— Ողորմությո՛ւն արա, զավա՛կս, ողորմությո՛ւն,— կրկնեց պառավը,— աստված բարի դուռ բանա քեզ[1]։

Մանուշակը նշանացի արեց աղքատին, որ կանգնի ու չգնա, իսկ ինքը վազեց խոհարանը, կտրեց մի պատառ հաց և բերեց. բայց անձրևից գիճացած և ուռած պատուհանը չբացվեց ամենևին. Մանուշակի քնքուշ ձեռքերը ցավեցին զարկելով։ Նա իսկույն վազեց բակը և կանչեց աղքատին բակի մեջ. աղքատը, քթի տակից օրհնության խոսքեր ասելով, մտավ բակը:

— Ահա՛ քեզ ողորմություն,— ասաց Մանուշակը,— և եթե իմանայի, որ դու հավատարիմ պառավ ես, այսինքն, խաբեբայություն չես առնում, ես քեզ ավելի կտայի, և ոչ միայն ես, այլև ցույց կտայի քեզ մի տուն, ուր միշտ կարող էիր մտանել ողորմություն ստանալու համար։

— Մարիկս,— պատասխանեց աղքատը,— աստված օրդ երկայն առնե... Բայց ես խաբեբա չեմ, և աստված վկա է, որ խաբեբա չեմ:

— Երդում պետք չէ,— ասաց Մանուշակը,— ա՛ռ այս տասն կոպեկը քեզ վարձ. տեսանո՞ւմ ես այս նամակը,— շարունակեց նա, հանելով գոգնոցի գրպանից,— եղբայրս բերել է սորան Մոսկվայից... ճանաչո՞ւմ ես եղբորս...

— ՉԷ՛,— ասաց պառավը,— և քեզ ևս չեմ ճանաչում. միայն գիտեմ, որ բարի աղջիկ պիտո է լինիս. աստուծո օրհնությունը անպակաս լինի վերայիցդ։

— Այս նամակը տար Աստվածածնի թաղը, գիտե՞ս։


180

  1. «Բարի դուռ բանա» նշանակում է մի լավ մարդու կին դառնս: