Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քսան չորս շիշ. մադերա, խերես, ռեյն-վեյն, մի խոսքով թունդ գինիներ տասն և ութն շիշ։Կատարումն օրինաց և մարգարեիցը կը լինի լավ մարասկենով, որ ստացել էի օտար աշխարհից։

Այս հաշվիցս տեսանում ես ահա, որ ես քեզ նման ականջի վերա քնած չեմ. ինչևիցե թե մեղադրանք է, թե խրատ է, ընդունիր և այս նամակս ստացածովդ շտապի՜ր գալ իմ մոտ, մեր ծանոթներից և բարեկամներից ովին հրավիրելու և ովին չհրավիրելու մասին, խորհուրդ կատարելու համար։

Քեզ միշտ բարի կամեցող Հ.Շաքարյանց


Պարոն Մարկոսը, ավարտելով նամակի կարդալը, սկսեց ծանր կերպով և մտածողությամբ համարել. հարյուր քսան, տասն և ութն ևս, հարյուր երեսուն ութն, քսան չորս դորա վերա, հարյուր վաթսուն երկու, մի բան չէ. բայց եթե մի վեդրո արաղը ձգենք հառաջաբանի փոխանակ, իսկ մարասկենը վերջաբանի տեղ, այն ժամանակ հարյուր վաթսուն երկու շիշը մի բանի նման կըլինի։ Բայց ինչո՜ւ ռոմ մոռացել է... Կոնյակ ևս չկա, անգլիական ճին չկա, մի վեդրո իստակ արաղով կամենում է աչքերս ներկել... չէ, եղբայր այդպես չէ, ես քեզ մի նոր ցուցակ դարձյալ կը տամ... վա՜յ, վա՜յ, վա՜յ, սարեպտի բալասան ևս մոռացել է. այդ ինչ խնջույք կը լինի։

Այս խորհրդածութենից հետո, որ նորա կյանքի մեջ բավական մեծակշիռ բան էր, սկսեց հագնել յուր զգեստքը։ Աղախինը պատրաստելով թեյի մեքենան ներս բերեց և դրեց սեղանի վերա։ Պարոն Մարկոսը սկսեց թեյ պատրաստել և նստելով աթոռի վերա, զանազան պատկերներ երևակայել յուրյանց խնջույքի մասին։ Մի անգամ երևակայում էր յուր բոլոր ընկերքը արբեցած ընկած դաշտերի վերա, որը քնած և որը... իսկ ինքը տղամարդի պես գինու թասը ձեռքին կանգնած նոցա մոտ, ծաղր առնելով նոցա թուլամորթությունը: Հետո երևակայում էր, որ յուր ընկերքը, գլուխները տաքանալուց, տուր ու ծեծ սկսել էին միմյանց հետ, որոնցից մինը լաց էր լինում և գանգատում էր, թե վշտացնում են յուրյան, իսկ մյուսը բարձր-բարձր գոռալով հայհոյում էր նորան և ասում էր, որ եթե չափը չճանաչե, ոչ միայն այսչափ, այլև աչքի լույսը ևս հանելու էր: Այստեղ պարոն Մարկոսը երևակայում էր յուրյան միջին դարերի ասպետների նման մի բան որ գինու բաժակը

237