Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եթե ավելի ստոր արժանավորության նյութերից չպատրաստեմ կոշիկները, այնպես որ յուրաքանչյուրը ինձ մի մանեթ նստելով, կես-կես մանեթ զուտ օգուտ բերեին։

Եվ այսպես պարոն Հովնաթանյանցը հառաջ գնալով, արդեն վաղուց և ընտանիքի տեր դարձած էր։ Ուներ բավական մեծ գերդաստան, կին, որդիք, դստերք, որոնց բացի նյութական հարստութենից ոչինչ ուներ թողնելու, ըստ որում հոգաբարձու չէր եղած յուր զավակների կրթության մասին։ Պարոնը ապրում էր բավական լավ, և նորա մոտ ել ու մուտ ունեին ոչ թե միայն նորա նման մարդիկ, այլև... զանազան խորհուրդներով։ Պարոն Հովնաթանյանցի տեսությամբ, բոլոր աշխարհը շարժող և կառավարող ույժը և զորությունը էր արծաթը, և նա այնպիսի մարդերից էր, որոնք դեռևս զարմանում են, թե ի՛նչպես աստված ստեղծել է աշխարհը առանց մի օգտի ակնկալության, և թե ի՛նչպես ամենայն օր երկնքի լուսավորքը լուսավորում են երկիրը առանց մի բան ստանալու։ Այս պարոնը ուներ նույնպես մի քանի եղբարք, որոնցից փոքրը ավելի մոտ հարակցություն ուներ մեր նկարագրած պարոնին, քան թե մյուսքը։ Կինը և դստերքը տեր լինելով ավելի հարստության, քան թե յուրյանը կարգի շատ մարդիկ, դատապարտելի հպարտությամբ նայում էին ուրիշների վերա, և նոցա հայացքի մեջ կար մի թունավոր բան, որ հանդիպողի երեսին էր զարկում սորա չքավորությունը, իսկ յուրյանց հարստությունը։ Դստերքը, այսպիսի ուղղությամբ և այսպիսի խանգարված բարոյականությամբ ատմոսֆերայի մեջ աճելով և կրթվելով, դեռևս երեխայութենից սկսեցին մարդու երջանկությունը որոնել ամենայն տեսակ զեղխության մեջ։ Որդիքը, միանգամայն մարմնից բաղկացած, բթացած ուղեղներով և ասես թե արբեցած յուրյանց հոր հարստությամբ, բոլորովին անզգայացած դեպի ամենայն մարդկային և վայելչական բան, յուրյանց անուսումնասիրության և անընդունակության պատճառով, դուրս քշվեցան դպրոցից, ուր դրել էր նորանց նոցա հայրը, ո՛չ այն դիտավորությամբ, որ բան ուսանեին (պարոն Հովնաթանյանցը, յուր սրտում, ատեցող էր ամենայն լուսավորության), այլ մանավանդ, ուրիշներին բամբասանքի տեղիք չտալու համար, որպես թե զանցառու էր զավակների կրթության մասին։

Ինքը պարոնը, ինչպես սովորաբար լինում են չնչին դրութենից վեր բարձրացող մարդիկը (թեպետև պարոն Հովնաթանյանցը զուրկ էր ամենայն բարոյական բարձրութենից), սեպհականել էր

324