Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց պարոն Հովնաթանյանցի համար, այդպիսի մտածությունք երազի նյութ ևս չէին, մինչ ամբողջ գիշերը թավալվում էր յուր անկողնի մեջ խռխռալով։ Նա քնած ժամանակը ևս մտածում էր շահաստացության վերա. առավոտը զարթնում էր և նորա կիսաբաց աչքերին երևում էին ոսկեղեն սարեր։ Նա հաց էր ուտում առանց մոռանալու ճիշդ մաթեմաթիկական հաշիվը, թե այն օրվա ճաշի համար ծախսված արծաթից, ո՛րքան բաժին հասանում էր այն վերջին, ամենափոքրիկ հացի փշրանքին, որի տասը կտորը միասին կարող էր տանել մի մրջյուն դեպի յուր բունը։

Նա ստացել էր քարյա, երկու հարկով բավական ընդարձակ տուն, և այս տան գլխավոր արժանավորությունը էր այն, որ միևնույն ժամանակ պատկանում էր երկու փողոցի. նորա պատուհանքը նայում էին դեպի արևելք և արևմուտք։ Թո՛ղ որքան կամին զրպարտեն պարոն Հովնաթանյանցին, որպես թե նա հոգաբարձու չէր յուր ընտանիքի երջանկությանը. նորա այսպիսի տուն ընտրելը արդեն հիմնավորապես ապացուցանում է, թե որքան շատ մտածում էր և հոգս էր առնում յուր ընտանիքի մասին։ Մի խուլ տան մեջ նորա ընտանիքը կարող էին ձանձրանալ, բայց մի այդպիսի տան մեջ, որի պատուհանքը նայում էին դեպի զանազան փողոցներ, երբեք չէր կարելի ձանձրույթ զգալ, որովհետև մանկահասակ դստերքը երբեմն այս և երբեմն այն պատուհանից կարող էին մի անմեղ հայացք ձգել անցավորի վերա։ Ո՛ւր թողունք այն մեծախորհուրդ հոգացողությունը պարոն Հովնաթանյանցի, որով մի ապակեկազմ սենյակ ևս հավելացուց յուր տան կողքին, որի ծաղկազարդ վայելչությունը կարող էր տրամադրել պատանի օրիորդների սիրտը և հոգին դեպի մի րոմանական կյանք...

Պարոն Հովնաթանյանցի մասին այսքան տեղեկություն տալուց հետո, շտապում եմ սկսանել իմ պատմությունը այն րոպեից, երբ, ինչպես ասացի, կոմս էմմանուելը գնում էր յուր օթևանը։

Արդեն բավական ուշ էր, և պարոն Հովնաթանյանցը միայնակ նստած յուր առանձնարանում նայում էր ճրագին, որ չգիտե ոչինչ տնտեսություն և անխնա վառվում է տան տիրոջ վնասի համար։

Գունաթափած էր երեսը, և քրտինքը դուրս էր զարկել ճաղատ ճակատի վերա կաթ-կաթ, ամենևին նույն կերպով, ինչ կերպով յուղոտ ամանի մեջ կանգնում է սրսկած ջուրը։ Նեղության կամ բարկության ժամանակ ձեռքերը ճնշել և տրորել ժառանգություն է փոքրոգի մարդերի․ պարոնը վեր կացավ սոֆայի վերայից, ուր

326