Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

        Թավուտներում թաքթաքուր
Շտապում են երկուսով...
        Ո՜վ աչք, պահ մի եղիր կո՜յր։
«Ո՞վ կըպատմի սիրո ձու՝
        Բերողների մասին այդ»...
— Չըմեղադրի նրանց, օ՜,
        Թող անսերը անհավատ։

Բ

ԴԵՊՔ

Ալպյան լեռներից դեպ վայր սահելով
Ուղևորվում եմ դեպի Ֆրանսիա,
Տանջված, հոգնաբեկ, խղճալի տեսքով։
Մեքենաները վիթխարահսկա
Ծխում են ահա դեպ երկինքն ի վեր
Ու բարձրաղաղակ սուլում, ձայն տալիս,
Խռնըվում ճամբորդ հոծ բազմություններ։
— Դեպի՜ Փարիզ, դեպի՜ Փարիզ...
Եվ շտապում են նստած կառքերում
Դեպ ազատության չքնաղ օրորան,
Դեպի սուրբ սիրո հայրենիքը, ուր
Խնջույք է անվերջ, պար ու խրախճան։
Ես ոսկորներս եմ քարշ տալիս ուժատ,
Իմ կապանքները կտրած հազիվ-հազ՝
Հանգստացնելու մերայնոց աղքատ
Հյուրընկալ, համեստ օթևանում պարզ։
«Կա՛ց», դռնապանը ինձ ձայն է տալիս,
Կանգնած դռան մոտ հսկա հասակով.
Եվ ես մթան մեջ կորցըրած ուղիս՝
Անցնում եմ սխալ, ա՜յլ ճանապարհով...
        «Այստեղո՛վ, պարո՛ն, այստեղո՛վ», ձայնեց,
(Ռիշըլյո փողոց, համար հիսունվեց)։
—Հը, ի՞նչ կա...
        — Մերսի՛։
«Ըստ ձեր ընտրության, ինչպես կամենաք»:
Իսկ ես լավ զինված ու ձիավորված,
Վառված երջանիկ սիրով երկնառաք,
Թողած պատրաստի թակարդը լարված՝
Դիմում եմ դեպի Գրընելն՝ անփույթ,
Ուր եղբայրն այնտեղ միշտ ինձ էր մնում,
Եվ ուր սուրբ էին թե՛ ելը, թե՛ մուտ.
Ուր սերը երբեք, օ, չէ՛ր հնանում։

396