Վերջապես Ֆրանսիայի և Գերմանիայի եպիսկոպոսները ճարերը կտրած, առաջարկեցին ժողովքի դատողությանը հռովմեական աթոռի գործը, այսինքն յուր կամքով զանազան եպիսկոպոսական հոգևոր իրավասութենների ինքյան սեփականելը։ Այստեղ հարկավոր էր, որ պապի կողմի մարդիկը պաշտպանեին Հռովմի աթոռը, Լայենեզը կատարեց այս գործը մեծ ճարտարությամբ յուր խոսած ճառովը, որ կարո՜ղ էր օրինակ լինել դպրոցական իմաստակության (սոփեստության)։ Ավելորդ եմ համարում դուրս գրել այստեղ նորա բոլոր ճառը, որ ամբողջ գրված գտանվում է Paolo Sarp-ի շարադրութենների մեջ „Histoire du concile de Trente" (Т.II, p.139 et squ): Հիշեմ միայն այս, թե Լայենեզը առաջին մասնումը առհասարակ վարդապետում է պապական իշխանությունը, ապացուցանում է Պետրոսի գերազանցությունը մյուս առաքյալներից, որից դուրս է բերում եզրակացություն, թե և պապը որպես հաջորդ Պետրոսի գերազանց է այլ եպիսկոպոսներից, որոնք մյուս առաքյալների հաջորդներն էին, ուրեմն գերազանց է և ներկա ամբողջ ժողովքից. ըստ որում, ասում է Լայենեզ, եթե յուրաքանչյուր եպիսկոպոս առանձին֊առանձին պարտական են հնազանդվել պապին, և թե նորանցից մինը չհնազանդվի, հերետիկոս կհամարվի, ուրեմն կասկած չկա, որ բոլորը միասին առած, եթե հակառակվին պապին, հերետիկոս կհամարվին, և ժողովը, որ պապը կազմել է միմիայն խորհուրդ առնելու համար, կդառնա հերետիկոսական ամբոխ։ Այս բոլոր իմաստականությունը նա զորացնում է Սուրբ գրքի վկայութեններով, որ մեկնում էր, ինչպես կամենում էր ինքը, կամ ինչպես ցանկանում էր պապականության սիրտը, թե գրված լինեին և կանոնագրքի հոդվածներով։ Երկրորդ մասնումը հերքում է նա այն կարծիքները, որ առանձին֊առանձին տրվեցան պապի հակառակ։ Այս ճառը զանազան տպավորություն գործեց լսողների վերա։ Պապական դեսպանները մինչև երկինք բարձրացուցին Լայենեզի խելքը և ճարտարությունը, դորա հակառակ ողջամիտ եպիսկոպոսները լցվել էին արհամարհանքով դեպի նա և դեպի նորա գոված պապը, մանավանդ Փարիզի արքեպիսկոպոսը մի առանձին ոգևորութենով ջարդեց Լայենեզի կարծիքները օրինավոր և առողջամիտ փաստերով և խոստացավ հետևյալ նիստումը ապացուցանել, որ ինքյանք հիսուսյանք են հերետիկոս և կամենում են խռովել եկեղեցու խաղաղությունը։ Պապի դեսպանները և հիսուսյանները գործ դրեցին յուրյանց բոլոր խարդախությունը, որպեսզի այդ նիստը չլինի, ուր պիտո է արդարապես խայտառակվեին Փարիզի իմաստուն արքեպիսկոպոսի բերանով։ Վեր
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/109
Արտաքին տեսք