Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նայելով երևում էր, որ նոցա գործերը ունեին օրինական ձևեր, վասնորո չէր կարելի բոլորովին դատապարտել նորանց: Նոցա կողմնակիցքը օրե օր առավելանում էին: Կլեմենտ XI−ը որոշեց դեսպանություն ուղարկել չինացոց կայսրի մոտ հիսուսյանների կարողությունը կայսերական Դռնումը ոչնչացնելու համար: Դեսպան նշանակվեցավ Մեցցաբարդան, որ հռչակավոր էր յուր անհնարին խորամանկությամբ: Բայց հիսուսյանք տեղիք չունեին նորան աշակերտել խորամանկության մասին, ըստ որում ինքյանք հեղինակ վարդապետ էին խորամանկության, դավաճանության և այլ սարսափելի հանցանքների: Նոքա հավատացուցին կայսրը, թե Մեցցաբարդայի խորհուրդը այն է, որ տարածե պապի իշխանությունը Չինաստանի մեջ և դորանով վնասե կայսրի իշխանությանը: Այսպես խոսում էին հիսուսյանք, որ Փեքինումն էին, իսկ նոցա գեներալը, որ Հռովմում նստած էր, միևնույն ժամանակում ընկնում էր պապի ոտքերը և հավատացնում էր, թե յուր կարգը առանց մի սահմանափակության հլու հպատակ է պապի կամքին: Մեցցաբարդան ինչ ժամանակ ներկայանալով կայսրին՝ ծունկ չոքեց նորա առաջևը չինացոց սովորությամբ, հիսուսյանք մանդարինի հագուստներով կայսրի աթոռի չորս կողմումը կանգնած ծիծաղում էին դեսպանի վերա: Այս տեսավորութենից հառաջ հիսուսյաններից մինը ասաց. «Եթե պապը միտք ունի այլևս վշտացնել հիսուսյանները, այն ժամանակ կարգը հարկադրված կլինի ցույց տալ բոլոր աշխարհին, թե ի՞նչ կարող էր առնել»: «Ես չեմ հասկանում,- շարունակեց Մուրա ո անունով մյուսը,-ի՞նչպես պապի խիղճը չէ տանջում, այլ ներում է այսպիսի գործեր կատարել. ողջին հայտնի է, որ նա դուրս տալով exilla die անունով կոնդակը, մահու չափ մեղանչեց. եթե այդ կոնդակը գործ դրվի, և կատարվի այն, ինչ որ գրած է նորա մեջ, այն ժամանակ Չինաստանի մեջ քրիստոնեությունը չէ լինելու»: Մեցցաբարդան հինգ անգամ պատահեցավ կայսրի մոտ, բայց ոչինչ չկարողացավ հառաջացուցանել: Առաջին տեսավորության ժամանակ կայսրը նշանացի առնելով պապական կոնդակների հակառակաբանությունքը հիսուսյանների մասին, ասաց. «Ո՛չ ոք չի հավատա այն մարդերին, որ կամենում են հավատացնել, թե կարմիր գույնը սպիտակ է, իսկ սպիտակը՝ դեղին. ի՞նչ կարելի է մտածել այն մարդերի մասին, որ միևնույն գույնը անվանում են երբեմն սպիտակ, երբեմն դեղին և երբեմն կարմիր»:

136