Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ունեին հառաջուց։ Բայց հիսուսյանք մնացին պալատական մաթեմաթիկոսների պաշտոնում, օրացույց և զանազան գուշակությունք շարադրելու համար։ Նայելով բաների հանգամանքներին՝ նոքա դադարեցին չինացիները քրիստոնյա շինելուց և հոգս էին առնում միմիայն կարգի եկամուտների մասին։ Հիսուսյան երկու վաճառատուները Փեքինի մեջ բերում էին ամենայն տարի յուրաքանչյուրը առավել քան թե հիսուն հազար տալլեռ*։ Բայց քրիստոնեությունը երբեք չէր վերջանում Չինաստանից բոլորովին, ամենայն ժամանակ մի քանի հիսուսյան քարոզիչք շարունակում էին յուրյանց շարադրած Ավետարանի քարոզությունը։ Այս քարոզիչքը, ինչպես վկայում է Կանտոնի եպիսկոպոսը յուր նամակի մեջ, որ գրել էր Բենեդիկտոս XIV պապին, վարում էին մի գայթակղեցուցիչ կյանք, շատ անգամ զոհելով պատշաճը... Դեռևս 1780 թվականին Պետրոս Հալլերշտեյն շվապացի հիսուսյանը պալատական մանդարին էր և Չինաստանի Մաթեմատիկական մեծ ընկերությանը նախագահ։ Ես ցույց տվեցի, թե ի՞նչ կերպով ներգործում էին հիսուսյան քարոզիչքը Չինաստանում, Յափոնիայում և Հնդկաստանում. այսպես էր ահա և ամբողջ կարգի ուղղությունը։ Բայց չէ կարելի մտածել, որ կարգի անդամներից ամենայն ոք առանձին և առանց բացառության այսպես և այս հոգով ներգործեր։ Լուզիանի և Հյուսիսային Ամերիկայի անապատների քարոզիչքը, ինչպես Ֆրանսիսկոս Կսավիե, որ աննշան մարդիկ էին Եվրոպայումը, մտանում են խոր և անանցանելի լիճերի, սարերի և անտառների մեջ, նստում են վայրենիների մակույկներում և գնում են հետևելով խորհրդական գետերի ընթացքին՝ անծանոթ ազգերին Ավետարան քարոզելու։ Բայց կարգի հոգին անտեսանելի կերպով հետեվում է նոցա քամակից և աստիճան առ աստիճան չորացնում է այն հողը, որի վերա սերմանել էին Ավետարանի սերմը։ Արդեն 1722 թվականին Շարլնուան հազիվ հազ կարողացավ այս վայրենի անապատների մեջ գտանել քրիստոնեության նշանակը կամ հետքը. բարեպաշտ քարոզիչների ձեռքով սերմանածը այրում էր կարգի սարսափելի խորամանկությունը։ Պապականության այս պաշտպանքը ցույց տվեցին միայն ընդհանուր պատմությանը մի մեծ ծառայություն, նոքա բացին Անգլիայի և, նորանց ձեռքով, Հյուսիսային Ամերիկայի Միացյալ նահանգներին, Հյուսիսային Ամերիկայի անապատների ճանապարհը։ Այսուամենայնիվ հիսուսյան կարգին հաջողեցավ մի ազգի մեջ իրագործել տերություն հիմնարկելու գաղափարը. այս ասելով ես խոսում եմ Պարագվայի վերա։

  • Dnhalde, Description de la Chine.

138