Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Փարիզի համալսարանի ուսուցչապետական, վարդապետական ամբիոնները։ Բուրբոն կարդինալը, որ պաշտպան էր հիսուսյաններին, կանչեց յուր մոտ համալսարանի կառավարիչը և համալսարանական ծերակուտի անդամքը, հայտնեց նորանց, թե պապը և թագավորը ցանկանում էին տեսանել հիսուսյան աբեղաները Փարիզի համալսարանի մեջ վարդապետական աթոռների վերա։ Կառավարիչը պատասխանեց. թե այդ բանը գլուխ բերելու համար հառաջուց հարկավոր է իմանալ, թե Հիսուսյան աբեղայքը աշխարհակա՞ն են, թե հոգևորական. կարդինալը չկարողացավ այս հարցմունքին պատասխանել: Բայց մի գավառական հիսուսյան աբեղա, որ այնտեղ ներկա էր և որ մինչև այն ժամանակ չէր խոսում, ասաց. „Տumus tales quales (մեք այնպես ենք, ինչպես <կանք>): Կառավարիչը խնդրեց նորանից բացահայտել այս խոսքերը. աբեղան պատասխանեց. «Հիսուսյան աբեղաները իրողապես բաղկացնում են աշխարհական հասարակություն յուրյանց ուխտերին համաձայն. բայց ո՛չ բոլորովին կատարյալ, այլ այս պայմանով, թե նոքա աշխարհականանում էին՝ հրապարակով ուսուցանելով մանուկներին այն ամենայն գիտությունքը, որ պապը պարզապես նշանակել էր յուր կոնդակներից մինի մեջ»։ Կառավարիչը և երեսփոխանքը չկարողացան հասկանալ այս աբեղայի խոսածը. վասնորո փակած մնացին համալսարանի դուռերը հիսուսյան աբեղաների առաջև։ Շուտով սորանից հետո կազմակերպեցավ հռչակավոր Սուրբ Լիգան, որ քսան տարի չարչարեց Ֆրանսիայի աշխարհը։ Ինչպես Մեզերիե ասում է, հիսուսյանք էին նորա քարոզիչքը և փողարքը։ Նոցա միջից մանավանդ երևելի եղավ Հենրիկոս Սամմիե անունով հիսուսյան աբեղան, որ քանի անգամ ուղարկվեցավ զանազան պապական թագավորների մոտ օգնություն խնդրելու։ Նա Փարիզի մեջ ժողովուրդը գրգռելով Հուգենոտների ընդդեմ՝ շատ անգամ կերպարանափոխ եղավ. երբեմն զինվորի, երբեմն քահանայի, երբեմն աղքատի հանդերձ հագնելով։ Մտանում էր խաղարկության տներ և պանդոկներ, այս բաները հիսուսյան կարգի կանոնով թույլ էր տված, սուրբ նպատակի հասսանելու համար (նպատակը կր սրբե հնարը??․․․ )։ Այս աներկյուղ մարդը ճանապարհորդեց բոլոր Գերմանիա, Իտալիա և Սպանիա. գնաց ամենայն պապական թագավորի մոտ, աշխատելով պատերազմել տալ նորանց Հենրիկոս III-ի հետ, որովհետև

146