ԿՐԻՏԻԿԱ
«ՀԱՆԴԵՍ ՆՈՐ ՀԱՅԱԽՈՍՈՒԹՅԱՆ»
Գործ Ստեփանոս վարդապետի Նազարյանց
Ա հատոր, Մոսկվա, 1857
Մեր «Մինին խոսք, մյուսին հարսն» անունով այժմուս տպի տակ եղած գործի հառաջաբանության մեջ, ուր խոսք է լինում բավական երկար հին և նոր հայկական բարբառի վերա, ասած ենք «Թե շատ չէ անցնելու, որ ժողովուրդը աչքը այս և այն կողմը ձգածի պես պիտո է տեսանե նոր մատենագրուտյան պատկանած մի գիրք» և այլն։ Այս րոպեիս մեր սիրտը լցված է մի հոգեպայածառ ուրախությամբ, որ ասածներիս ճշմարտության նշանները սկսում են իրագործվիլ։ Բուն այս պատճառը հարկադիր է լինում մեզ բարձրացնել մեր ձայնը և արձակ համարձակ քարոզել մեր շատ սիրելի եղբայրակիցներին, թե ահա, մեր նոր մատենագրությունը խլելով մի հնացած ու վաստակած ծերունու ձեռքից դորա կարգից դուրս երկարատև քաղաքական իրավունքը, որպես ժամանակի հարազատ որդի, հառաջ է խաղում մեծ-մեծ քայլերով և տանում է յուր հետ միասին և մեր ընթերցող ազգը։ Մեր խոսքը գերապատիվ Նազարյանցի «Հանդես նոր հայախոսության» անունով աշխատության առաջին հատորի վերա է, որ անցյալ 1857 թ. Մոսկվայի մեջ տպվեցավ և որի երկրորդ հատորը շատ շուտով հրատարակվելու է նույնպես ազգի մեջ: Մենք, մեր կողմից, ընթերցակից առնել ընթերցող ազգը այն տպավորությանը, որ գործել էր մեր վերա այն գիրքը. մի խոսքով հրապարակավ հայտնել մեր կարծիքը այդ աշխատության մասին: Բայց հառաջ, քան թե ծանոթացուցել էինք ժողովուրդը այդ պատվական աշխատությանը, պատշաճ ենք համարում փոքր-ինչ խոսել մեր ազգի հետ, թե ի՞նչ է կրիտիկա ասած բանը ընդհանրապես, և թե ի՛նչ
172