րուստը, և բարեկամական անկեղծ սրտի կսկիծը՝ նորա հետ միասին․ բայց որպես քրիստոնյա հասկանալով մարդկային կյանքի խորհուրդը, արժան էր չափավորել մեր սուգը, որովհետև հավատում էինք, թե հանգուցյալը մերկանալով յուր վերայից այս ծանր և ախտավոր զգեստը, վերացել էր դեպի մի այլ աշխարհ, ուր չկային ո՛չ ախտ, ո՛չ ցավ, ո՛չ ծանրության և ո՛չ վիշտ․ որ մի հյուրընկալ ծերունի տանտուտեր գիրկը բաց հանդիպում էր յուր նոր գնացող զավակներին, նորանց հանգստացնելու համար այն օթևանում, որ վաղուց ահա պատրաստել էր նորա որդին նոցա համար, որ ճանաչել էին ճշմարտությունը, այն ճշմարտությունը, որ էր ինքը՝ այդ տանուտիրոջ միածին որդին, Հիսուս Քրիստոս։ Նորա համար, որ ճանաչել էր ճշմարտությունը, ի՞նչ մահ․ նա հավիտենական է․ նա անմահ է։ Նույնիսկ մեր փրկության միայնակ միջնորդը, երկնավոր հոր հետ խոսելով, թե այս է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ ճշմարիտ աստված և քո ուղարկած Հիսուս Քրիստոսը, վկայում է մեր խոսքին։ Օրհնյալ է աստված, որին ճանաչելը պարգևում է մեզ անմահություն։ Ուրեմն եղբա՛րք, չափավորելով մեր տրտմությունը, տանք մեր վերջին հրաժարական ողջույնը հանգուցելու մարմնին․ չափավորենք սուգը, մեր բարեկամի մեզանից բաժանվելու վերա, որովհետև գնացել էր նա մի ավելի երջանիկ և նախանձելի աշխարհ, յուր հայրենիք, յուր արարչի գոգը, մեր բոլորի կենդանության աղբյուրը և շարժառիթը։ Արի՜ք ուրեմն խառնենք մեր աղոթքը աստուծո քահանաների և տաճարի սպասավորների աղոթքի հետ և խնդրենք աստուծուց, մեր երկնավոր հորից, միավորել հանգուցյալը այն լուսի հետ, դեպի որը նայում էինք մեք ամենեքին։ Աղաչենք և Հոգին սուրբը, այն մխիթարիչը սգավորների, մեղմել և ամոքել հանգուցելու ծերունի և այրի մոր սրտի կսկիծը, որ անհամեմատ մեծ էր, քան թե մերը, թեև սիրած լինեինք հանգուցյալ իբրև մեր անձը․ սփոփել և մխիթարել սիրտը այն մոր, որ կապվում էր աշխարհի հետ միմիայն յուր որդու կենդանությամբը։ Բայց դո՛ւ, բարեկամ մեր, որ այս րոպեիս հեռացած ես, ընդունիր մեզանից մեր տխուր սրտի զգացմունքը, որպես մի հավիտենական գրավական մեր բարեկամությանը։ Քո քաղցր հիշատակը ապրելու է մեր սրտում, քանի սա զարկում էր մեր կուրծքի մեջ․ չենք մոռանալու քեզ և ո՛չ քո ազնիվ և առաքինի ունակությունքը, ո՛չ այն րոպեները, որոնց միջոցին բաժանորդ էինք գտանված միմյանց վշտին և ուրախությանը։
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/195
Արտաքին տեսք