այլևս այն բարոյական ընդունարանը, որ հարկավոր էը յուրաքանչյուր հոգևոր սերմնացանության համար: Հայոց ազդի փոքր ի շատե իմացական նորոգությունը պիտո է կատարվեր ոչ թե բուն Հայաստան հողի վերա, այլ Հայաստանից դուրս, օտար աշխարհում: Հայկական դպրությանը պիտո էր հյուր գնալ Իտալիա և օտարի հացով սնանել որովհետև ինքը ազգը, ինչպես մեր ժամանակներում ևս, յուր հայրենասեր որդիների համար ո՛չ հաց ուներ և ո՛չ պատիվ. ամենայն մարդ մտածում էր առանձնապես յուր օգտի վերա, որպես թե մասնավոր օգուտը կարելի բան էր առանց ընդհանուրին։ Տասն և ութերորդ դարու գործակատարությունը, հայկական դպրությունը վերակենցաղելու համար, կատարվեցավ Մխիթար Սեբաստացու ձեռքով։ Այս ականավոր մարդը, Վենետիկի Մխիթարյան ընկերության հիմնադիրը, զանազան չափով ու կշռով մեծարվում է այս և մյուս կողմից: Ոմանք համարում են նորան մի մեծ արդյունավոր, համաշխարհական պատմության պատկանավոր մարդ, որ յուր ազգի գրավոր հիշատակարանքը դուրս է փորել հնության ավերակների տակից և յուր աշակերտների ձեռքով բացել է հայերի համար նոցա մայրենի լեզվի և դպրության ժանգոտած դուռը. ոմանք համարում են նորան մի անհավատարիմ, վատթար որդի, որ, բաժանվելով յուր մայրենական եկեղեցուց, միացել է օտար ազգի ու կրոնի հետ և այդպես եղել է յուր ազգին ոչ թե արդյունաբեր, այլ վնասաբեր ևս, այլև չար և թունավոր պտուղների պատճառ ապագայումը: Այս երևելի Մխիթարը արժանի է մեր առանձին ուշադրությանը, և նորա վաստակքը իրավունք ունին պահանջելու մեզանից մի անկողմնապահ սառն քննություն և արդարակշիռ հատուցումն։ Մխիթարը, յուրանուն միաբանության հիմնադիրը, ծնեցավ Սիբաս կամ Սեբաստիա քաղաքումը Փոքր Հայաստանի, երկու օրաճանապարհ դեպի հարավ հեռի Թոխաթից, 1676 թ. փետրվարի 7-ին։ Մխիթարի հոր անունը էր Պետրոս Մանուկյան, իսկ մոր անունը Շահրիստան: Յուր առաջին դաստիարակությունը ստացավ նա երկու բարեպաշտ կրոնավոր կանանցից, որ միշտ սովո՛ր էր նա սիրով հիշել յուր ծերության օրերումը, ընծայելով նոցա յուր կյանքի բոլոր ուղղությունը: Մխիթարը տասն և չորս տարեկան հասակում ձեռնադրվեցավ սարկավագ և ապա ճանապարհորդեց դեպի Հայաստանի հռչակավոր վանքերը. եկավ և էջմիածին։ Նա քսան տարեկան հասակում ձեռնադրվեցավ քահանա, և մի փոքր հետո ստացավ Կարին քաղաքում Մարգար վարդապետից (որ և արքեպիսկոպոս) վարդապետական գավազան:
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/231
Արտաքին տեսք