Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մտավ նորա մեջ և անցավ շուտով դեպի Մորեա։ Մի քանի ժամանակ մնաց նա Ցանթե կղզումը, ուր կամք ուներ սկզբումը բոլորովին մնալ յուր ընկերության հետ միասին։ Բայց այն հաջող լուրերը, որ նորա բարեկամները տված էին նորան Մորեայից, պատճառ տվեցին նորան գնալ այնտեղ. որովհետև գրում էին նորա աշակերտքը, թե այնտեղի իշխանքը պատրաստ էին տալու բնակության տեղ ու ապրուստի հնար։ Այս հիմքի վերա դուրս եկավ Մխիթարը Ցանթե կղզուց և 1703 թ. հասավ Մոդոն կամ Մոթոնե, և վենետիկյան կառավարութենից, որ, ինչպես հայտնի է, այն միջոցին իշխում էր բոլոր Մորեայի վերա, պարգև ստացավ մի կտոր հող, նորա վերա վանք ու եկեղեցի շինելու համար։ Այս ժամանակիս, կամ թե մի փոքր հառաջ, պիտո է պատահած լինի և նորա հատկապես փոխանցությունը դեպի պապական եկեղեցու հետ միավորված հայերի կողմը։ Վենետիկյան ծերակույտը (սենատը)՝ դեռևս հարյուր տարի հառաջ, այսինքն տասն և յոթներորդ դարու սկզբումը վճիռ էր կապել, որի զորությամբ արգելվում էր նոր ի նորո հող և տեղ տալ հոգևորների և վանքերի օգտի համար, որ ծանրություն էին հասարակապետությանը, յուրյանց հարստությամբ և ամենայն հարկատվութենից ազատությամբ։ Կտրիճ ծերակույտը այս յուր ընթացքով բորբոքել էր Հռովմի որոտալից փայլակները։ Պավլոս Հինգերորդ պապը 1605 թ. հաջորդելով Կլեմենտ Ութերորդին, դուրս էր ձգել եկեղեցուց ծերակույտը և նախագահը և բանադրել էր բոլոր հասարակապետությունը։ Այս անճոռնի և Ավետարանի վարդապետության հակառակ կոնդակը, որ Պավլոս պապը հուսալով յուր անմեղանչականության և աստուծո երեսփոխան լինելու վերա արձակել էր, ընդունելի էր եղած կապուցինյան և հիսուսյան աբեղաներին միայն։ Ծերակույտը տեսանելով այս բանը, արդեն վճռական պատճառ էր ստացել հալածել հիսուսյանքը յուր տերութենից 1606 թվականին, որպես առավել կասկածավոր և վնասակար տերությանը, քան թե մյուս աբեղայական կարգերը։ Այսպես էր վենետիկյան հայացքը աբեղայական կարգերի և վանքերի վերա. հերիք չէր այս, մինչ Պավլոսը տեսանելով, որ ծերակույտը և բովանդակ հասարակապետությունը բանի տեղ չդրեց յուր կոնդակը, հարկադրված էր զորացնել յուր նզովքը զենքի ուժով, վենետկեցիք նույնպես պատրաստվեցան զենքը ձեռքերին պաշտպանել յուրյանց իրավունքը և անկախությունը, մինչև որ Ֆրանսիայի թագավոր Հենրիկոս Չորրորդը միջնորդ լինելով երկու հակառակ կողմերի մեջ հաշտեցուց նորանց։

234