Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործ կատարեն, թո՛ղ խրատ քաղելով նորա արածների հետևանքներից, հաստատեն յուրյանց մեջ մի հարազատ լուսավորության կենտրոն, թո՛ղ մի անսխալ հիմքի վերա մի առողջ գործ հիմնարկեն և հառաջ տանեն նորան միաբան զորությամբ, որպես արժան էր Լուսավորչի լուսազգեստ լինելոց որդիներին, եթե վերջապես հասկացած էին, թե անօգուտ, այլև վնասակար էր Մխիթարյանց պղտոր պապական լուսավորությունը։ Այստեղ պատշաճ ենք համարում հրատարակել մի նամակ՝ «Տեղեկութիւն ի վերայ Մխիթարեանց՝ բնակելոց ի Վենետիկ», թեև այդ նամակը յուր լեզվի հնությամբը չէր կարող տեղ գտանել Հյուսիսափայլի մեջ, թեև մեծ մասով կրկնություն էր մի քանի բաների, որ մինչև այժմ ասած էինք, այնուամենայնիվ անխորհուրդ չէր դորա հրատարակությունը, և թո՛ղ մեր սիրելի ընթերցողքը ուշադրությամբ կարդան և դատաստան կատարեն։

ՏԵՂԵԿՈԻԹԻՒՆ Ի ՎԵՐԱՅ ՄԽԻԹԱՐԵԱՆՑ՝ ԲՆԱԿԵԼՈՑ Ի ՎԵՆԵՏԻԿ

Կառուցանող միաբանութեանս եղև նա ինքն Մխիթար Աբբայ, որ էր Սեբաստացի, սնեալ ի մէջ նոյն իսկ ազգին Հայոց և կրօնաւորեալ ըստ Հայոց ի վանս Սուրբ Նշան կոչեցեալ, յորում բնակէին վանականք Հայոց: Յորում Ժամանակի վիճակ կրօնին Հայոց յերիս բաժանէր, որպէս և յայսմ ժամանակի, այսինքն սակաւաթիւ ոմանք բուն ուղղափառք, թէպէտ այժմ շնորհիւ տեառն բազմաթիւ երևին. իսկ երկրորդ և երրորդ մասն, որ կազմէր զբաժանեալսն յուղղափառաց, էր գրեթէ բովանդակ ազգն Հայոց, որոյ մի մասն, զոր և երկրորդ կոչեմք, որ առաւել յաշխարհականս գտանէր, էին բարեմիտք, չունէին ինչ հակառակութիւն ընդ ուղղափառս, բայց առաւել ընտրէին մնալ միաբան ընդ ազգին, քան բաժանիլ ի նմանէ. որք և ազգասիրութիւն առդնէին և անհակառակ բարս ունիլ. ուստի և հաղորդէին յԱստուածայինս ընդ բուն իսկ չարափառս, առանց ինչ բանս զմտաւ ածելոյ, ընդհանուր նախապաշարմամբ և կամակոր թմրութեամբ ազգին զգածեալ գոլով։ Ահա յայս երկրորդ վիճակի եղելոց Հայոց ծնաւ Մխիթար աբբայ և ի մանկութեան սնաւ առ ոտս երկուց կուսանաց, որք ունէին համարումն ի նոյն ժողովրդեան սրբակեցիկ վարուց և առաքինի անձանց, զորոյ յիշատակն ունիմք ի վարս նոյն իսկ Մխիթարայ աբբայի տպեալ ի Վենետիկ ի նոյն իսկ ի միաբանութենէ քաղեալ յընդարձակ պատմութենէ վարուց նորա, որ պահի ի նոյն վանս շարադրեալ ի Հ. Մատթէոս վարդապետէ Եւդոկիացւոյ ձեռնասուն յաշակերտէ նորա։ Սա ինքն Մխիթար աբբայ ի տիս մանկութեան յետ ամաց ինչ, որպէս ասացաք, մտեալ ի նոյն վանս Սուրբ նշանի որ ի Սեբաստիա, յաոաջնորդէ տեղւոյն ձեռնադրեցաւ սարկաւագ յետ ընդունելոյ զայլ աստիճանս, և ապա քահանայ, յետոյ վարդապետ եղև ըստ սովորութեան Հայոց ազգին ի Մարգար վարդապետէ և յարքեպիսկոպոսէ, որպէս պատմի ի նոյն վարս և այլն: Յորում և պատմին ամենայն անցք, որք անցին ընդ նմա, այսինքն թէ որպէս յաոաջացաւ յուսմունս գրոց և թէ զինչ տեղեկութիւն ընկալաւ ի գրոց վասն ճշմարիտ հաւատոյ

239