Ուսումը և լուսավորությունը, պապական դայակների ձեռքով մատակարարված մարդկային ազգին, նման է օպիումից շինած քաղցրեղենին, որ դայակները (ասիացոց մեջ) սովո՛ր են տալ երեխաներին քնեցնելու համար, բայց քաղցրության խառնելով այդ թմրեցուցիչ հյութի մեջ, որպեսզի մանուկը քաղցրությամբ խաբվելով հոժարի ընդունել։ Մեր ասածի վկայությունը պարտական ենք որոնել մարդկության պատմագրքի մեջ, որ մարդկության կյանքի և գործերի հիշատակարանը լինելով, կարող էր ավելի լուսափայլ կացուցանել մի ճշմարտություն։ Եվ այսպես հարբանում ենք պատմութենից, թե ի'նչ վիճակի և ո'ր աստիճանի մեջ էր եվրոպացոց լուսավորությունը, մինչև այդ աշխարհի ամենայն տեսակ գիտությունքը փակված էին վանական և կալվածատիրական շինվածքների աշտարակազարդ պարիսպաների մեջ. մինչև այդ գիտութենների սպասավորքը էին զանազան պապական կարգերի աբեղայք։ Արդյոք այդ գիտությունքը, ինչպես այժմ ցույց էին տալիս յուրյանց մեջ, որպես մի գործարանավոր էակի մեջ կյանք և շարժողություն, արդյոք արեգակի տարեկան շրջանառությունքը ազդեցություն ունեի՞ն այդ գիտութենների վերա, հարաբերությամբ դեպի նոցա հառաջադիմությունը։ Պատմությունը պատասխանում է․ քա՛վ լիցի։ Միջին դարերումը, մինչդեռ ժողովրդի դաստիարակությանը հոգաբարձու էին պապական հոգևորք, ցնծում էր նեղսիրտ դպրոցականությունը յուր սոփեստութենով և բոլոր մեծվայելչությամբ։ Գիտությունքը, կապված կաշկանդված, որպես մի չորացուցած մեռյալ դիակ, բովանդակվում էին երրյակ և քառյակ ասացյալ արվեստների մեջ, որք էին՝ քերականություն, ճարտասանություն, տրամաբանություն, երաժշտություն, թվաբանություն, երկրաչափություն և աստեղաբաշխություն, որ ներս էին մտել Եվրոպա վեցերորդ դարումը Կասսիոդորոսի, Իզիդորոսի և Մարկիանոսի անճոռնի գրքերով։ Այս գիտությունքը այժմյան ժամանակումս ունին մի արդարացի արժանավորություն մարդկային դատաստանի առաջև. պատճառ, դուրս գալով յուրյանց շղթայակապ արգելանքներից, կամ ավեյի լավ է ասել ճեղքելով յուրյանց մեռելապատանքը, կենդանացել, աճել ու հառաջացել էին։ Իսկ այն ժամանակ, մինչ մտել էին այս գիտությունքը Եվրոպա, մինչ ամբողջ հինգ և վեց դար, ամենայն մատենագրական գործունեություն ցույց էր տալիս յուր մեջ միմիայն ստրկաբար փոխառություն այս առաջիններից. մինչ բոլորի խելքերը դառնում էին և ոգևորվում էին Երուսալեմի ազատությամբ, կամ այս և այն ժողովքը կազմելու որևիցե անբախտ մարդ դատապարտելու համար, մինչ ամենայն
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/265
Արտաքին տեսք