մտածող ազգի լեզու» (էջ 315)։ Միանգամայն ուշագրավ է և այն, որ Նալբանդյանն իր ընծայականում Նազարյանին է դիմում «ո՛վ առաքինի, հոգիացած Ազգասեր» խոսքերով, իսկ Նազարյանն իր գրախոսության մեջ նրան համարում է իր ժամանակի «առաքինի և հոգիացած մարդերից մինը»։ Մտածողության այս հարազատությունը մեծ չափով երևան է գալիս «Թափառական հրեայի» մասին գրված Նազարյանի հոդվածում։ Հավանաբար համոզված չլինելով, որ «Թափառական հրեա» վեպը կարող է հասնել ընթերցող լայն հասարակությանը և օգտվելով «Հյուսիսափայլի» հրատարակության առիթից, Նազարյանը վճռում է ամսագրի էջերում մասսայականացնել Նալբանդյանի ծրագրային առաջաբանը, որը նա համարում էր «շատ գեղեցիկ առաջաբան» և արժանի՝ «մեր ազգի բոլոր ուշադրության»։ Համեմատությունից երևում է, որ Նազարյանն անվերապահորեն ընդունելով Նալբանդյանի դրույթները՝ նոր լեզվի գնահատականի և դրա զարգացման ուղիների հարցում, իր հոդվածում գրեթե ամբողջությամբ մեջ է բերում Նալբանդյանի գրքի առաջաբանը։ Ընդ որում, այդ արվում է կամ ծավալուն մեջբերումների ձևով և կամ Նազարյանը բառացի վերաշարադրում է առաջաբանի առանձին պարբերությունների բովանդակությունը: Երկու հարցում միայն Նազարյանը առաջ է անցնում առաջաբանից և լայնորեն մեկնաբանում՝ Նալբանդյանի առաջ քաշած դրույթները. գործնական այդ հարցերից մեկը ազգային դպրոցների հաստատման պահանջն է, իսկ մյուսը, որ գրված է զուտ նազարյանական գործիմացությամբ և կրքով-գրավաճառության մի կանոնավոր սիստեմ ստեղծելու հարցը՝ Թիֆլիսում և Ռուսաստանի հայաբնակ կենտրոններում։ Ինչպես երևում է այդ գրախոսությունից, Նազարյանը ոչ միայն նպատակադրվել է հրապարակել Նալբանդյանի առաջաբանի հիմնական թեզերը՝ կապված հայ նոր գրականության և լեզվի զարգացման հետ, այլև մասսայականացնել «Թափառական հրեային» կցված «Հիսուսյանք» հոդվածը։ Խոսելով էժեն Սյուի վեպի թարգմանության նպատակների մասին, Նազարյանն իր կողմից ամենախիստ արտահայտություններով դատապարտում է հիսուսյանների գործունեությունը։ Նա ներկայացնում է Նալբանդյանի հոդվածի կառուցվածքն ըստ գլուխների և հայտնում ընթերցողներին, որ իր հոդվածի հաջորդ գլուխներում պետք է ոչ միայն հանգամանորեն խոսի հիսուսյանների մասին, ծանոթացնելով ազգին Նալբանդյանի աշխատությանը, «այլև, եթե կարելի էր, տեղ-տեղ լցուցանելով նորա պակասորդքը» (էջ)։ Հաջորդ, [3-րդ] հոդվածով, Նազարյանը խոստանում է ընթերցողներին պատմել «Թափառական հրեայի» բովանդակությունը և ապա քննել «թարգմանչի գործի արժանավորությունը հայկական լեզվի կողմից, ամենայն զգաստությամբ միտ դնելով նորա պատվականութեններին և թերութեններին» (էջ 334)։ Պետք է ափսոսալ միայն, որ 1858-59 թթ․ «Հյուսիսափայլի» համար ստեղծված գրաքաննական աննպաստ պայմանները խանգարում են ոչ միայն Նազարյանի արժեքավոր այս հոդվածի, այլև Նալբանդյանի «Մխիթար և Մխիթարյանք» հոդվածաշարի շարունակության տպագրությանը։
ՀԱՌԱՋԱԲԱՆ «ԹԱՓԱՌԱԿԱՆ ՀՐԵԱՅԻ»
(էջ 72)
Սույն հառաջաբանը զետեղված է «Թափառական հրեայի» 1857 թվականի հրատարակության (Մոսկվա) I-XIV էջերում: Արտատպվել է Փարիզում լույս տեսնող «Արևմուտքի» 1859 թվականի № № 21, 22-ում: