Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամենայն ջանք գործ են դնում մնալ V դարումը և ամենևին ցած չգալ այս դարուցը, ուրեմն ի՞նչպես պիտո է սոքա միմյանց հասկանան: Չգիտեմ ի՞նչ գերբնական զորություն է հարկավոր, որ տասն և չորս դարու խտրոցը, որ այնքան մեծամարմին ընկած էր V և XIX դարերի մեջ ճեղքեր և հասաներ ժողովրդին։ Տեղիք չունինք ամենևին մեր ժողովրդի անգրասիրության վերա զարմանալու. պատճառ, մեր մատենագրությունը մինչև այսօր աբեղայական մատենագրություն է, միջին դարերի դպրոցական մատենագրություն, եթե այս անունը ևս կարելի էր տալ. չկա նորա մեջ կյանք և կենդանություն, այլ սկզբից մինչև այսօր մի վհատեցուցիչ միօրինակություն։ Եվ դնենք թե մի հայ մարդ առնուր յուր ձեռքը հին լեզվով շարադրած մի գիրք (իհարկե հայերեն) և սկսեր չոր֊չոր կարդալ այնքան, մինչև որ անգիր ուսաներ միանգամայն կարդացածը, թեպետ այս մի մեքենական սարսափելի տանջանք է, բայց ի՞նչ օգուտ կարո՛ղ էր քաղեղ դորանից. ոչի՛նչ, և աստված վկա է ոչի՛նչ. մարդկային մարմինը երբեք չէ կարող սնանվիլ այնպիսի կերակրից, որ ինչ հատկութեններով մտանում էր բերանը, նույն հատկութեններով դուրս գար որովայնից առանց մարսվելու և արյուն դաոնալու. պատճառ, մարմինը յուր շինվածքի համար նյութ չստանալով այնպիսի կերակրից, անտարակույս կթուլանար և հետո կքանդվեր ևս. հոգու համար մի այսպիսի կերակուր է չհասկացած բան կարդալը։ Թույլ տանք, թե կարդացածի լեզուն ևս հասկանար, բայց մի բան կարդալու ժամանակ բառերի լոկ նշանակությունը հասկանալ, չէ իմացվում բանի զորությունը հասկանալ, ուրեմն ի՞նչ կարող էր գտանել այնտեղ, որ և մտքի կողմից հասկանալի լիներ նորան և գրավիչ: Ուսումնական բաները հասարակ ժողովրդի համար չեն. նա չէ կարող տանել նոցա ճշտությանը, նա չէ ուսել այդ առարկաները. իսկ մեր միջումը եթե կան ևս նորախոս մատյանք, նոցա բովանդակությունքը մեծ մասով ուսումնական են, չեմ ասում այստեղ նոցա պակասությունքը, թե լեզվի և թե կարծիքների կողմից. վերջինները շատ տեղ դարերով ետ են մնացած այժմյան ժամանակներից։ Եվ առհասարակ մեր մատենագրության մեջ ի՞նչ գրքեր կան. Սուրբ գիրք, որ դժբախտաբար հասկանում ևս չէ ժողովուրդը, թարգմանչաց յուրյանց սեփական գրվածքը. զորօրինակ Մովսես Խորենացի, Եղիշե վարդապետ, Կորյուն, Ղազար Փարպեցի և որ սոցա կարգումը են. բայց քանի՞ մարդիկ կային, որ համ էին տեսանում սորանցից. ասածիս անհակառակելի վկա այն տխուր ճշմարտությունն է, որ հայերը օտարի

75