Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

րեզ։ Նա վերջացուց երեսը ածիլելը, նույնպես մազ և եղունգ կտրելը, հագավ երկաթի շղթաներ, հաց չէր ուտում այլ կերպ, եթե ոչ մոխիր խառնած հետը. կոշտ շորեր հագած ման էր գալիս փողոցներում ողորմություն հավաքելով. ոչ ոք նորա մոտ չէր գալիս, ամենեքյան փախչում էին. իսկ երեխայքը քար էին ձգում նորա վերա։ Այսուամենայնիվ Մանրեզի մեջ շուտով տարածվեցավ այս զարմանալի աղքատի հռչակավոր ծագումը, բնակիչների կարեկցությունը դեպի նա օրեօր ավելանում էր, որ բազմութենով գալիս էին նորան տեսնելու։ Իգնատիոսը, կարծելով թե սատանան փորձում է յուր հեզությունը և կամենում է գայթակղեցուցանել, հեռացավ դեպի մի այր, ուր անցուց քանի մի ժամանակ համարյա՛ թե առանց կերակուր ուտելու։ Կասկած չկա թե նա կմեռաներ այնտեղ քաղցածութենից, եթե չգտանեին նորան մի աղբյուրի մոտ կիսամեռ ընկած և չբերեին Մանրեզ։ Նորա ջլերը բոլորովին թուլացած էին. նորան փոփոխակի երևում էին երբեմն աստվածամայրը, երբեմն սրբերը, երբեմն դժոխք և սատանայի փորձությունքը։ Վերջապես տեսանելով, որ յուր սուրբ նպատակին հասանելու համար հարկավոր է առողջություն, իսկույն մորուքը ածիլեց, մազերը և եզունգները կտրեց, հանդերձը փոքր֊ինչ կարգի բերեց և սկսեց փողոցներում և հրապարակներում քարոզել ժողովրդին։ Ինչպես ասում են նորա պատմիչքը, Իգնատիոսը այս միջոցին գրել է յուր շարադրությունը, որ հայտնի է անունովս «Հոգևոր վարժությունք» Exercitia spiritualia և որ հիսուսյանք խիստ շատ պաշտում են: Չնայելով այս գրքի խորհրդական պարունակությանը, նորա մեջ երևում են ջանք և աշխատություն կարգի օգտի համար սպանել ամենայն տեսակ բնական կամ լավ ասել՝ սեփական գործունեություն. մի խոսքով՝ մարդը շինել մեքենա։ Այս պատճառով չէ կարելի կարծել, թե մի անկիրթ երևակայութենով մարդ, ինչպես էր այն ժամանակ Իգնատիոսը, կարողանար այսպիսի գիրք գրել. երևի թե նա գրել է այս գիրքը Փարիզի մեջ, երբ նորա երևակայությունը և հոգին ստացել էին փոքր խորամանկ քաղաքագիտության մասին տեղեկություններ։ Վերջապես Իգնատիոսը, որ մտածում էր թե գնա Երուսալեմ սուրբ տեղերին երկրպագություն տալու, նավ նստավ Բարսելոնումը և հասավ Գայեդ, որտեղից ոտքով գնաց նա Հռովմ և լիզելով Ադրիանոս IV-ի հողաթափները և, այլ ուխտավորների հետ միասին պապի օրհնությունը ստանալով, շարունակեց յուր ճանապարհը։ Սպանիացիք ճանապարհի համար արծաթ տվեցին նորան, բայց նա բոլորը բաժանեց աղքատներին և ինքը ապրում էր ողորմութենով, այսինքն մուրացկանութենով։ Դժվար եղավ նո

90