ազատ հոսանքը: Տեղ տեղ, բայց շատ փոքր, երևում են այլ մարդիկ, որ հոգիացած աստուծո շնչով և արձակած յուրյանց ձյունի պես սպիտակ թևերը, թռչում են դեպի անմահության տաճարը... Թռչում են վերևից, բարձրից, ոտքի տակ տեսանելով այն բոլորը, որոնք յուրյանց նյութական ծանրության պատճառով, արդեն Նյուտոնի օրենքով կապված էին երկրագնդի կենտրոնի հետ...
Այսպիսի բաներ պատահում են տարու սկզբից մինչև նորա վերջը: Շատ անգամ լսվում են օդի մեջ, հարստահարված մարդերի ողբերը և հառաչանքը, նույն միջոցին և օդը հնչեցնում է հարստահարող բռնակալների ուրախական բացականչությունքը։ Հավիտենակա՜ն ամոթի ժառանգ նոքա, որ ճնշում են անզորի աչքերից մի քանի արտասուքի կաթիլներ։
Ասես թե այս նոր տարում ես առավել ուրախ եմ, քան թե անցած նոր տարիներում. պատճառ, նախընթաց տարին անխորհուրդ անցած չլինելով մեր սիրական ազգի համար, նորը բարի բարի հույսեր խոստանում է մեզ։ Անցյալ տարում դուրս ցայտեց առաջին անգամ հայերի համար Հյուսիսային փայլողությունը յուր պայծառ ճառագայթքը, անցյալ տարում լայնարձակ ասպարեզ ստացավ ժողովրդական կենդանի խոսքը, որ է ազգի բարոյական կյանքը և հոգին։ Անցյալ տարում երևեցավ մեր ազգի մեջ մի բանականության դատաստան. փա՛ռք և պարծանք նորա պաշտոնյաներին. այդ տարում խլրտվեցան մի քանի մտքեր, որոնք մեծ հույսեր տալիս են հայերի հառաջադիմության մասին։
Այն թանձր և խավարատեսիլ ամպերը, որ դարերով ահա հավաքվելով և լեռնանալով պատել էին հայկական բարոյականության հորիզոնը, այսօր Հյոաիսափայլի ճառագայթների տակ, նկատում ենք փարատված. անցան գիշերային մրրիկները, և փիլիսոփայական ծանրաչափը (բարոմետրը) գուշակում է մի գեղեցիկ առավոտ։ Այս բոլոր բաները վառում են սրտիս մեջ մի փոքրիկ լապտեր ուրախության, որ անշիջանելի կմնա և լույս կտա ինձ մինչև անգամ և այն խավար օթևանի մեջ, ուր նախախնամության տնտեսությամբ պիտո է մնանք` սպասելով հրեշտակապետի որոտընդոստ փողահարությանը։
Պատվելի ընթերցող, ես քո մոտ չեկա նոր տարին շնորհավորելու, դորա փոխանակ մտածելով այս բաների վերա և ձգելով Հիշատակարանիս մեջ, ահա քեզ ևս պատճառ եմ տալիս մտածելու, որ առավել օգտակա՛ր է քեզ, քան թե իմ երեքկոպեկյան այցելատոմսակը, որ, անտարակույս քեզ տանը չգտանելով, թողնելու էի քո նախասենեկում։ Այս կարճ հառաջաբանությամբ սկսանում եմ ահա իմ Հիշատակարանի