Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

- Ինչու այդպես կոտրում եք այն պարոնի անունը, նա ոչ ոքի արծաթ կերած չէ, ոչինչ խարդախության արած չէ, — ասում են մարդիկ։ — Խոսքս այն չէ, — պատասխանում է Բեգզադեն, — արել է կամ չէ արել. այլ այսքան միայն գիտեմ, որ արծաթս կորած է: Այս բանի մեջ Բեգզադեի խորհուրդը այն էր, որ այն պարոնի անունը կոտրվի վաճառանոցում, որ հավատարմությունը կորուսանելով չկարողանա շարունակել յուր առևտրական գործողությունքը, որպեսզի ասպարեզը մնա միմիայն Բեգզադեին։ Մի փոքր ժամանակից հետո վերադառնում է վաճառահանդիսից, պարտական պարոնը և իմանալով Բեգզադեի արած տմարդությունը, իսկույն ժամանակից հառաջ վճարում է յուր պարտքը Բեգզադեին, մտածելով, թե այսպիսի ազնվությամբ կարող էր հանել յուր վրեժը և խայտառակել Բեգզադեի ստախոսությունը և անբարոյականությունը։ Բայց ի՜նչ բանով արդյոք կարելի է ամաչեցնել Բեգզադեին. աստուծո ստեղծած նյութական և իմացական բաների մեջ չկա մի այնպիսի բան, որ կարողանար նորան ամաչեցնել։ Բեգզադեի երեսը վաղուց դարձել է շինականի տրեխ։ Երրորդ, Բեգզադեն ուներ մի սիրական գործակատար, որ վերջին Ժամանակներում շինել էր յուր հետ մասնավոր ընկեր։ (Այս գործակատարի և Բեգզադեի շատ վաղ ժամանակներից սկսած, իրյարու մեջ ունեցած հարաբերության մասին, չար լեզուներ խոսած են շատ կեղտոտ բաներ...)։ Ինչևիցե։ Ահա այդ գործակատարին նշանում է մի օրիորդի հետ։ Մարդիկ, տեսանելով, որ Բեգզադեն մեծ ուշադրություն և խնամք է ցույց տալիս հարսնացու օրիորդի վերա, զարմանում են։ Բայց այդ զարմանքը հասանում է մինչև ի սարսափ, երբ մի անգամ մի պատվավոր մարդ, տեսանելով հարսնացու օրիորդը, մինչդեռ ման էր գալիս Բեգզադեի կառքով, ասում է Բեգզադեին. — Այս ի՜նչ պատիվ է, որ ցույց ես տալիս գործակատարիդ հարսնացուին. կառքերով բաներով... — Հը՜մ, դո՞ւ ևս չես հասկացել,— պատասխանում է Բեգզադեն, — գիտե՞ս թե ինչ խորհրդով առնում եմ ես այդ բաները։ — Ո՜ր տեղից պիտի իմանամ։ — Քեզ քաջ հայտնի է իմ գործակատարի նյութական կարողությունը, — շարունակում է Բեգզադեն։ — Լավ գիտես, որ նա կարողանալու չէ կառք պահել յուր կնոջ համար, այս պատճառով ես սովորեցնում եմ հարսնացուն կառքերի և այլ այսպիսի շռայլութենների, որ ամուսնութենից հետո նույն բանը պահանջե յուր ամուսնուց։ Տարակույս