Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հերիք է որքան կուրացուցել է մեզ, լվանանք մի փոքր մեր աչքերը և դադարենք գեթ այսուհետև կուրության գազանին զոհ գնալուց։

Աղետալի անցքեր, որ պատահում են ամենայն օր մեր կողմերում, հատկապես այս կրոնական վեճերի պատճառով, շատ մեծ շարժառիթք են որ նստիս ու լաս, մինչև որ թաղման գերեզմանդ լցվի աչքեդ արտասուքով. իհարկե ազգային օրագրերից, գոնե հարյուրից մինը, իմանում եք և գիտեք, խոսք չկա, որ մի թշվառ բան է այս. բայց մեք, այս կողմերում, խավար ժողովրդի բնակակից, գուցե մի փոքր ներողության ևս հանդիպինք, հայտնի բան է, շատ չնչին ներողության, եթե աչքի տակ ձգվին բոլոր մեզ շրջապատող պայմանքը։

Իսկ ի՛նչ ասենք, մինչդեռ Դուք ևս լինելով Եվրոպայի մեջ, ազատ չեք այս թշվառութենից․ ի՞նչպես ներենք Ձեր աշխարհում բնակվող մեր եղբայրներին, որոնք այսպիսի լուսավորյալ ժամանակում, բան ու գործ թողած, ընկնում են այդ վեճերի քամակից։ Օտարոտի են Ձեզ իմ խոսքերը, այնպես չէ՞․ պարզեմ, որ հասկանաք։

Այս միջոցներումս ձեռքս ընկավ մի ռուսաց լեզվով գիրք, այսպիսի մակագրով «Обозрение Армении» А. Худабашева. Մեծ հաճությամբ նայեցա վերնագրին, բայց երբ սկսեցի կարդալ, արդեն հառաջաբանը, ասես թե, ապտակ իջեցուց երեսիս. հարկ չկա ասել, որ բոլոր գիրքը կարդալը հավասար էր կից ընդունելու։

Թողունք առանց ուշադրության այլ սխալները, որովք շատ փարթամ է պ. Խուդաբաշևի գիրքը․ պատճառ, ուղղել այդ բոլորը, մեջ բերելով նորա աղճատաբանությունքը և օրինավոր կարգով հերքելով նորա բոլոր սխալական գաղափարքը, պիտի հարկադրվեինք մի նոր գիրք գրել, երկու անգամ մեծ պ. Խուդաբաշևի գրքից (պարոնի գործը չարժե այսպիսի աշխատության). թողունք, որ պարոնը Եվժեն Բոռեի աշխարհագրութենից օգուտ եմ քաղել ասելով, հասկանում է եղած յուր բառ առ բառ թարգմանելը, թողունք պ․ Խուդաբաշևի ծուռ և սխալական հայացքը ազգային պատմության մեջ երևեցած իրողութենների վերա, բայց ի՛նչպես լուռ մնանք, համր դևի պես պապանձված, կամ ի՛նչպես չբողոքենք այն զրպարտութենների ընդդեմ, ոչ պարոնը ժողովում է մեր երանելի և սուրբ նախահարց գլխին, որպիսիք էին սուրբ Պարթևը, սուրբ Մովսես Խորենացին և սուրբ Ներսես Շնորհալին, որոնց անունը խնկվում է հայկական եկեղեցու մեջ, և որոնց գերեզմանի հողը համբուրելի են մեզ։

Ի՛նչպես չհարցնենք պ. Խուդաբաշևից, թե Խորենացու ո՞ր բանը