Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ենթարկվում է այսպես զգալի փոփոխության. նորա համար որ փոխվում էին արտաքին ներգործողքը նորա վերա, և նա բնական և աստվածադիր օրենքով, այն ժամանակ միայն կարող էր պահել յուր բուն հատկությունը, եթե յուր անձնավորության և արտաքին շրջապատի մեջ կար մի ներդաշնակություն, մի համակրություն։ Եթե այսպես ցույց է տալիս փորձը, ուրեմն մարդը, յուր կամեցածի պես որակություն տալու համար մի բույսի, կարող էր նորան պահել այնպիսի շրջապատի մեջ, որի արդյունքը (результат) համաձայն էին նորա մտքին. ամենևին այդպես։

Առնունք այժմ մի կենդանի, որ ծնել էր դիցուք թե Հարավային Ամերիկայում, և բերենք այդ կենդանին Հայաստան, արդյոք կարո՞ղ էր պահել դա յուր բուն հատկությունքը, ասենք թե չէր մեռանում այնտեղ, կարո՞ղ էր պահպանել յուր մարմնի կանոնավոր մեծությունը, ծննդականությունը, բուրդի հատկությունը, գույնը և բնությունը։ Հարկավոր չէր այդքան հեռավոր տեղափոխություն. ավելի մոտը ասեմ. Վան քաղաքից էջմիածին տարված երկայն բրդով մեծ մեծ կատուներ, մի քանի պորտ անցանելով, կորուսին յուրյանց բրդի այդ հատկությունը և կամաց-կամաց ընկան տեղական կատուների կարգը, թեթև զանազանությամբ, թեև ոչինչ բնական կապակցություն չէր պատահած այդ օտար երկրացի կատուների հետ։ Այսպես ևս Սիբիրիայից Ռուսիա բերված կատուքը կորուսանում են յուրյանց բրդի հատկությունը։ Շատ կան այսպիսի օրինակներ, բայց մեք այս փոքրիկ ևս տեսանում ենք ահա, որ բնական աշխարհի օրենքը թույլ է տալիս անհատի մեջ հեղափոխություն, թեև միայն փոխված էր նորա արտաքին շրջակայքը։

Մտանենք այժմ բարոյական աշխարհը և առնունք մի առաքինի մարդու զավակ, որի բնավորությունը կերպարանագործված չէր դեռևս, և ձգենք այդ մանուկը ավազակների և գողերի ընկերության մեջ. մի քանի տարի վերայովը անցանելուց հետո հանդիպելով նորան, արդյոք տեսանելու չէի՞նք, որ նա ևս դարձել էր մի արյունկղակ գող և ավազակ․ կամ սորա հակառակ, եթե մի ավազակի որդի, որի բնավորությունը դեռևս կերպարանագործված չէր, որ դեռևս չուներ գիտակցություն, եթե մի այդպիսի մանուկ առնուինք և տայինք առաքինի դաստիարակի ձեռք, հետո դնեինք նորան մի բարեկարգ և բարոյական դպրոցի մեջ, այնուհետև շրջապատեին նորան առաքինի մարդիկ, այդ մանուկը չափահաս լինելով կարո՞ղ էր առանց զզվելու նայել յուր հոր կամ եղբայրների դատապարտելի գործի վերա - ամենևին ոչ. պատճառ, նա չէր տեսել յուր շրջապատի մեջ, որ, իբրև մի սովորական բան, գործվեին այդպիսի