Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ծնողի գլխավոր խորհուրդը և նպատակը չէ պիտո այն լինի, որ աշխատի, յուր մահից հետո, հետ ձգել յուր ժառանգներին շատ արծաթ, մեծ հարստություն, փայլուն կոչումն և այլն և այլն. դոքա չեն մարդկային առաքինության տարերքը, դոքա խանգարիչք են առաքինության. եթե մի մարդ, ունենալով այդ բոլորը, զուրկ էր ստույգ դաստիարակութենից և կրթութենից. ծնողի գլխավոր ջանքը և փույթը պիտո է լինի հառաջ հառաջ հոգաբարձու լինել յուր զավակների դաստիարակության մասին, որովհետև այդ դաստիարակության մեջ պարունակվում են նորա զավակի ապագա առաքինության, երջանկության, վատթարության և թշվառության սերմերը։

Նույնպես ստույգ դաստիարակություն և լուսավորություն տալ չէ, եթե մի ծնող դնում է յուր որդին մի օտար ազգի դպրոցի մեջ. նա այն օտար շրջակայքի մեջ կփոխե յուր բուն հատկությունքը, ինչպես բուսականը կամ կենդանին տեղափոխված յուրյանց սեփական շրջակայքից, որի մասին մի քանի տող հառաջ գրեցի Հիշատակարանիս մեջ։ Ստույգ և աստվածադիր դաստիարակությունը այն է, որ ամենայն ծնող կրթե յուր որդին ազգային սեփական դպրոցի մեջ. ամենայն բույս պիտո է աճե յուր հողի վերա, ամենայն կենդանի պիտո է ապրի յուր աշխարհում։ Այդ օտար դպրոցներ ուղարկված զավակներից, շատ փոքր պատահում է, որ նմանեին մեղուի, թույնը թողած և միմիայն մեղրը և մոմը քաղելով հետ դառնային յուրյանց տեղը. այս մի շատ քնքուշ խնդիր է՝ անտես մնացած մեր ազգից մինչև այսօր։

Ի՞նչ է մարդկային կյանքի խորհուրդը, մի՞թե լավ ուտել, լավ խմել, լավ հագնել, փառավոր ապրել, հարստություն ճարել, փառք ու պատիվ ստանալ. մի՞թե մարդը չունի մի բարոյական խորհուրդ յուր կյանքում, մի՞թե այդ բանի համար է ստեղծել մեզ աստված, մի՞թե Քրիստոս մեռավ, որ հարստություն և փառք պարգևե մարդկության, քա՛վ լիցի․ հեռի՜ այսպիսի մոլորություն։ Մարդը անմահ է ստեղծված․ նա յուր կյանքում պիտո է նմանի աստուծո, որ մահից հետո ժառանգե նորա երկնային արքայությունը։ Աստուծո նմանելու համար պիտո է լինել առաքինի և բարոյական մարդ, որովհետև աստված աղբյուր է և կենտրոն ամենայն առաքինության և բարոյականության․ իսկ մարդը հարստություն ճարելով, փառք պատիվ գտանելով չէր կարող առաքինի դառնալ, Նորա առաքինության շարժարանը գտանվում է դաստիարակության և կրթության մեջ։ Մարդը պարտական է դաստիարակվիլ, կրթվիլ, հետո, սոցա ազդեցությամբ առաքինանալով, աստուծո նմանիլ և վայելել մի հոգեկան և հավիտենական երջանկություն։