Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Դ

Հունիսի 24-ից սկսած, ամբողջ երեք օր, անձրևը գետի նման թափվում էր երկնքից, առանց մի րոպե դադարելու։ Այս առատությունը անձրևի պատճառ էր տվել մեր գյուղի շինականներին հրատարակել նանրահավատութենից հառաջացած մի առասպել, թե կայծակից զարկված ու մեռած կին լվացել են անձրևի տակ այդ կնոջ անզգույշ մերձավորքը, և թե այդ պատճառով վեց շաբաթ շարունակ անձրևը հեղեղելու էր մեր արտերը։ Մի քանի այլ շինականների բերանից լսվում էր մի այլ առասպել, որով մխիթարվում էին նոքա, որ չկամեին անձրևի տևողությունը, թե կղմինդր և աղյուս շինողները, որովհետև մեծ վնաս ունեին անձրևից, կենդանի կենդանի թաղել են մի հորթ, որ կտրվի անձրևը, որպեսզի հնար ստանան յուրյանց կղմինդրները և աղյուսները չորացնելու։ Չգիտեմ, կհասկանա՞ն արդյոք այն մարդիկը, որոնց ձեռքը ընկնելու էր մի օր իմ տխուր Հիշատակարանը-իմ անմխիթար միայնության արդյունքը, թե ինչ հարաբերություն կա անձրևի և մեռած կնոջ կամ թե մի կենդանի թաղված հորթի մեջ. ես ինքս չեմ հասկանում, միայն գրում եմ այն, ինչ որ կա շինականների մեջ և ինչ որ նոցա կենդանի լեզվովը լսում եմ նոցանից։ Ավանդությունը ասում է, «եթե կայծակից մեռած կնոջ մարմինը լվացվի անձրևի տակ, ապա կշարունակվի այդ անձրևը վեց շաբաթ, իսկ, այդպիսի անձրևային եղանակի մեջ, եթե վեր առնվի մի հորթ և ողջ ողջ թաղվի գետնի մեջ, այնուհետև անձրևը կկտրվի քառասուն օր»։ Ինչպես և էր այդ բանը, ստույգը այս է, որ անձրևը անդադար թափվում էր և ես նստած իմ սենեկի մեջ միայնակ, նայում էի պատուհանիցս դեպի դուրս։ Աչքս ոչինչ այլ բան չէր աեսանում բացի պատառվող պղպջակներից, որ լողում էին լճացած անձրևաջրի երեսին։

Արևը մայրն էր մտել արդեն. որոտմունքը դղրդում էին ոչ թե միայն երկնակամարի օդը, այլև իմ ողորմելի պատուհաններիս ապակիքը, որ ներկել էր ժամանակը ծիրանի գոտու գույներով։ Ահագին փայլակները մութ ու թանձր ամպերի մեջ փայլատակելու ժամանակ, թվում էր թե պատառվում է երկինքը, իսկ փայլակների լույսը ներկում էին ամենայն բան երբեմն մորագույն և երբեմն ծծմբագույն։ Անձրևի կատաղությունը, որոտմունքի թնդյունը, փայլակի լույսը, մրրկի սուլելը և ծառերի հպատակորեն խոնարհելը նորա բռնության տակ, բյուր տեսակ սոսափյունք պատճառելով յուրյանց տերևներով ու ճյուղերով, այս բոլորը միացած, կազմում էին մի ահարկու և տխուր ներդաշնակություն