ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ
ԿՈՄՍ ԷՄՄԱՆՈԻԵԼԻ ՕՐԱԳՐԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԻՑ
(էջ 7)
Տպագրվել է' «Հյուսիսափայլ», 1858, № 4 — 10, 1859, № 1, 2, 8, 9, 11 և 1860, 5, 6, «Հիշատակարան. Կոմս էմմանուելի օրագրական թերթերից» խորագրով։ Որոշ հատվածներ արտատպվել են Հ. Սվաճյանի «Մեղուի» էջերում, «Կոմս էմմանոլելի օրագրության հիշատակարանեն» խորագրով (տե՛ս «Մեղու», 1860, № 86, 101, 109)։ Զեռագիրր չի պահպանվել։ «Հիշատակարանը» տեղ է գտել նաև Նալբանդյանի Երկերի հետագա բոլոր հրատարակություններում։ Սույն հատորում արտատպվում է «Հյուսիսափա յլից»։
Միքայել Նալբանգյանի այս երկը նրա հրապարակախոսական գործունեության երկրորդ փուլի՝ հյուսիսափայլյան շրջանի բացառիկ կարևոր էջերից է, որի մեջ իրենց գեղարվեստական արտացոլումն են գտել XIX դարի 60-ական թվականների հայ հասարակական կյանքի ամենաբազմազան երևույթները։ «Հիշատակարանի» ծնունդը՝ իբրև գրական նոր ժանրի ստեղծագործության, կապվում է «Հյուսիսափայլի» հրատարակության, ժամանակի աոաջադեմ գործիչների գաղափարական պայքարի հետ՝ կղերաֆեոդալական հոսանքի ուժերի դեմ։
«Հյուսիսափայլի» խմբագրությունը հանդես էր գալիս 60-ական թթ. հայ լուսավորականության հիմնական պահանջներով, որոնք հանգում էին հայ նոր գրական լեզվի ձևավորմանը և գրականության աշխարհականացմանը, հայ ժողովրդի լուսավորությանը, արևելահայ կյանքի եվրոպականացման անհրաժեշտությանը։ 1858 թ• լույս է տեսնում «ընդհանուր ազգային լուսավորության և դաստիարակության» օրգան «Հյուսիսափայլի» առաջին համարը, որի բնաբանը պատկերավոր խոսքով ազդարարում էր հրատարակիչների լուսավորական ծրագիրը. «Այսուհետև ոչինչ եգիպտոսյան խորամանկ քուրմեր, որ կամեին լինել գիտության միայնակ պահապանքը, այսուհետև ոչինչ չինեական պարիսպ, որ պիտո է փակեր լուսավոր գաղափարների մուտքը ազգերի մեջ։ Այսուհետև լույս և ճըշմարտություն և ազատություն խավարի բաբելոնյան գերությունից»։ Այդ ծրագիրը ներդաշնակում էր պատմական ժամանակաշրջանի առաջադիմական շարժման, լուսավորականության ոգուն, որը Ռուսաստանում նույնպես արտահայտվում էր իբրև լույսի, բանականության հաղթանակի, եվրոպական քաղաքակրթության հաստատման պահանջ, ռուս մտավորականությանը մղում պայքարի՝ խավարի, հետամնացության, ֆեոդալական հարաբերությունների բոլոր արտահայտությունների դեմ։ 1857 թ. արտասահմանում հիմնադրելով իր «Կոլոկոլ» թերթը, Ա. Ի. Գերցենը հետևյալ կերպ էր ներկայացնում թերթի