Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարծեմ թե մի զանգի ևս արժեք չեն ունենալ բանագետ անձանց առաջև» («Ճռաքաղ», 1859, № 6, էջ 224)։

Սակայն շատ հետաքրքրական է, որ քննադատելով հանդերձ Նազարյանի ամսագիրը, Մսերյաններն իրենց «Ճռաքաղը» հիմնականում հրատարակում են «Հյուսիսափայլի» լեզվով, աշխարհաբար, և քննադատելով «Հիշատակարանը», նրանք իրենց պարբերաթերթում ստեղծում են դրա նմանակը՝ «Հայկազնյան տարեգիր» բաժինը։ «Տարեգրի» ղեկավարը Զարմայր Մսերյանն էր, որն այդ բաժնում ներկայացնում էր հայ հասարակական և մշակութային կյանքի նորույթները (բանավիճային ելույթներ, թատերական ներկայացումներ, նորահրատ գրքերի ծանուցումներ, գրախոսություններ, նամակ-թղթակցություններ և այլն)։ Այս բաժնում Մսերյանը պարոդիայի է ենթարկում Կոմս էմմանուելի բարեկամ, Ռեդուտկալեի բնակիչ Սերովբե Խաչատուրյան Շահբեգին և ստեղծում իր թղթակից Քերովբե Աստվածատուրյան Ասլանբեկի կերպարը, որն իբր բնակվում էր Սուխում գալեում։ Մեր կարծիքով՝ Կոմս էմմանուելի անվան նմանողությամբ է ընտրված նաև «Ճռաքաղում» տպագրված «Երազ» պասկվիլային բանաստեղծության հեղինակի անունը (Մելիք Միսայել Հայկազնյան), որը մի այլ բանաստեղծությամբ, դարձյալ ուղղված «Հյուսիսափայլի» գործիչների դեմ, հանդես է եկել նաև «Մեղու Հայաստանի» թերթում։

«Հիշատակարանի» հետևությամբ են գրված նաև «Մեղու Հայաստանի» թերթի շատ թղթակցություններ: Այստեղ 1861 թ. սկզբից երևում են երիտասարդ պատմաբան և լրագրող Ալ. Երիցյանի («Օրագրաց բարեկամ») հոդվածները, որոնք շուտով մտնում են մի նոր ձևի մեջ, ստանալով «Օրագրաց բարեկամի հիշատակարանից» խորագիրը։ Իր հիշատակարանում Երիցյանը զետեղում էր Թիֆլիսի մշակութային և առտնին կյանքի նորություններ, մատենախոսություններ, թղթակցություններ, արտասահմանյան մանրալուրեր և այլն: Այս դեպքում ևս, որ խիստ ուշագրավ է, Երիցյանը ոչ միայն ծաղրում է Նալբանդյանի՝ Կոմս էմմանուել գրական կեղծանունը, այլև հանգիստ խղճով իր մշտական հաղորդումները ձևավորում «Հիշատակարանի» նմանողությամբ։ Երբ 1863-ին «Մեղու Հայաստանին» անցնում է Պ. Սիմեոնյանի տնօրինության տակ, այս անգամ նույնպես, թերթի էջերում «Հիշատակարանի» նմանությամբ ստեղծվում է «Զբոսարան» նոր բաժինը, որը վարում էր երիտասարդ լրագրող Գևորգ Տեր-Ալեքսանդրյանցը։

Կոմս էմմանուելի «Հիշատակարանը» հետագայում ևս ունեցել է իր հետևորդները, որոնցից էր «Հայկական աշխարհ» ամսագիրը (1864-1871, 1874-1879)։ Հայտնի է, որ այդ հանդեսի խմբագիր Խորեն Ստեփանեն (Ստեփան Ստեփանյան) Մոսկվայի համալսարանում ուսանելու տարիներին շատ մոտ էր կանգնած «Հյուսիսափայլին» և դրա էջերում տպագրած, ինչպես և հետագայի իր բանաստեղծությունները, Կոմս էմմանուելի նմանությամբ ստորագրում էր Իշխան Բագրատունի: Տարիներ անց, դառնալով «Հայկական աշխարհի» խմբագիրը, նա «Հիշատակարանի» ակնհայտ նմանողությամբ ստեղծում է «Մեր ներքին գործեր» բաժինը։ Այստեղ ևս ժանրերը խառնվում են. լրատվություն, պատմական ակնարկ, գրախոսություն, բանաստեղծություն, բանավեճ, ինտիմ խորհրդածություններ՝ ազգի առաջընթացի հետ կապված հարցերի շուրջ, և այլն։ Սակայն, չնայած խմբագրի ջանքերին, «Մեր ներքին գործեր» բաժինը չուներ «Հիշատակարանի» խորությունը, նրա հարցադրման սրությունն ու գեղարվեստական արժանիքները։ Այս նկատի ուներ «Մեղու Հայաստանի» թերթի աշխատակից Ս. Պ.-ն (Ստեփանոս Պալասանյան), որը «Հայկական աշխարհի» դեմ գրած իր բանավիճային հոդվածներից մեկում ասում է. «Երբեմն Մոսկվայում հրատարակվում էր ճշմարտափայլ «Հյուսիսափայլը», որի խմբագիրը գերահարգո Ստեփանոս Նազարյանցն էր։ Պարոն Ստեփանեն կարծեմ կամեցավ իրան երկրորդ Նազարյանց