Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արամյան» ակնարկների համար օգտագործել ենք Միքայել Հակոբյանի՝ այդ նպատակով գրած հոդվածները, որի համար շնորհակալություն ենք հայտնում վերոհիշյալ ընկերներին։

Էջ 7, տ. 3-5. ...պատահեցավ իմ և պ. խ... մեջ... եկել էր իմ մոտ գիշերազգեստով (խալաթով) -

Մինչ այժմ անհայտ մնացած պարոն Խ.-ի ինքնությունը մասամբ պարզվում է Մսեր Մսերյանի՝ կաթողիկոսին ուղղած անթվական մի նամակի սևագրության շնորհիվ։ Բողոքելով «Հյուսիսափայլ» ամսագրի ուղղությունից, որը, նամակագրի կարծիքով, վտանգում էր եկեղեցու ապահովությունը, Մսերյանը միաժամանակ ուշադրություն է հրավիրում Նազարյան-խմբագրի և Կոմս էմմանուելի գործունեության վտանգավորության վրա։ Այդ նամակում նա Կոմս էմմանուելի մասին գրում է. «Խորթացեալն այն ստահակ զաւակ Հայաստանի ո՛չ միայն զազգ և զեկեղեցի մեր նախատէ ընդհանրապես ի գրուածս իւր, այլև թափէ անխնայ զմաղձ դառնութեան սրտի իւրոյ ի վերայ այնց անձանց՝ զորս համարի իւր հակառակորդս։ Եվ այսպես համարձակեցաւ նա պէս պէս այլաբանական գրուածովք յէջս Հիւսիսափայլին իւրոյ երգիծանել զարժանամեծար անձինս եկեղեցականաց մերոց և յաշխարհականաց, որ է՝ զՅ. Ս. Հոնանեանց, զՅ. Պ. Խալիպեանց, զՊ. Կ. Խալաթեանց, զԱ. Արարատեանց, զՍարգիս եպիսկոպոս Ջալալեանց, զորոյ և զանունն կամելով յայտնել (ի վեցերորդ տետր, էջ 84), անդրադարձութեամբ տառից ի մէջ րերէ, փոխանակ անուանս Սարգիս՝ գրելով Գիրսաս և այլն» (ընդգծումը մերն է-Մ. Մ. տե՛ս Մ. Մաշտոցի անվան Մատենադարան, Մսերյանների արխիվ, թղթ. 207, վավ. 2129)։

Այսպիսով՝ Նալբանդյանի կողմից խալաթ բառի հիշատակությունը, այլև պարոն Խ.-ի հետ ունեցած զրույցի բովանդակությունը ոչ մի կասկած չեն թողնում, որ «Հիշատակարանի» առաջին գլխում՝ Կոմս էմմանուելի խոսակիցը վաճառական Խալաթյանն է։

տ. 10.-Կարդացե՞լ ես «Հայաստանի Մեղուի» 16-երորդ համարը-«Մեղու Հայաստանի» (1858-1886), լրագիր քաղաքական, բանասիրական և առևտրական։ Հրատարակվել է Թիֆլիսում, Ստեփանոս քահանա Մանդինյանի խմբագրությամբ, 1858-1862 թթ.: 1863-ից մինչև դադարելը հրատարակվել է Պետրոս Սիմեոնյանի խմբագրությամբ, փոխված ուղղությամբ։ Հրատարակության առաջին շրջանում «Մեղու Հայաստանին» կղերաֆեոդալական հոսանքի օրգանն էր, որը թեև խոսում էր ժողովրդի լուսավորության անհրաժեշտության մասին, բայց մնում էր կառչած հին, սխոլաստիկ դաստիարակության սկզբունքներին, պրոպագանդում էր հայեցական հայրենասիրական գաղափարներ, իբրև անվերապահ հեղինակություն՝ ընդունում եկեղեցին և ղեկավարվում միմիայն կրոնի դոգմաներով։

XIX դարի 60֊ական թթ. հայ պարբերականների և «Հյուսիսափայլի» միջև ծավալված բանավեճը հիմնականում սկսվում է «Մեղու Հայաստանի» թերթի 1858 թ. 16-րդ համարում տպագրված Ստեփանոս Մանդինյանի հոդվածով, որով նա ահազանգում էր հայությանն սպառնացող կարծեցյալ վտանգի մասին («Մի քանի խոսք գերապատվելի Ստեփանոս Տեր-Եսայան Նազարյանցի գրված մատյանների վերա»)։

«Մեղու Հայաստանի» թերթի 14-րդ համարում Ս. Մանդինյանը տպագրում է ղզլարցի մանկավարժ Մովսես Իսահակյանի «Հրավիրակ հայրենասիրության», ապա՝ նույն հեղինակի «Հորդոր հայրենասիրության» հոդվածները (№ 22)։ Աոաջինի մեջ Իսահակյանը հայտարարում է, թե հանդես է գալիս պաշտպանելու ազգի ոտնահարված շահերը, հաշվի առնելով այն իրողությունը, որ «ազգի գաղթական որդիների քնարները» իրենց աններդաշնակ ձայներով խլացնում են ազգային սուրբ զգացմունքները և պախարակում ազգի հետամնացությունը: Հոդվածի հիմնական ոգին այն էր, թե ազգի հետամնացության նշավակումը կարող