Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Թերևս իրական նախատիպ ունեցող, բայց որոշակի տիպականացման հասցված այս կերպարը իր մեջ խտացնում է այն ողջ վատթարը, ինչ, Նալբանդյանի պատկերացմամբ, ուներ ազգային բուրժուազիան։ Ընչաքաղցությունը, հոգու դաժանությունն ու նենգությունը, բութ ինքնավստահությունը իր ուժի նկատմամբ..․ նրան դարձնում են որոշակի սոցիալական միջավայրի և հոգեբանության հարազատ արտացոլում» («Միքայել Նալբանդյանի արձակի գեղարվեստական համակարգը», «Պատմա-բանասիրական հանդես», 1979, № 3, էջ 14)։

Զարմայր Մսերյանը՝ իր վերը հիշված հոդվածի սևագրության մեջ («Մասնավոր դիտողությունք ի վերա ընթացից և նպատակի «Հյուսիսափայլ» օրագրի») անուղղակիորեն հաստատում է, որ Բեկզադեն կոնկրետ անձնավորություն է։ Այսպես, Մսերյանը «Կոմսական օրագրությունքը» համարելով «չնչին և անշահ», այդ գնահատականը հիմնավորում է նրանով, որ «անոնց միջումը պարունակված այլաբանական խոսքերի թաքուն իմաստքը ոչ ոք չկարողանար իմանալ ինքնին՝ եթե գիտացողներից մինն չբացատրե նմա՝ ասելով թե այս բանս՝ այն ինչ մարդո վերա է գրված, և այն բանն՝ այս ինչ մարդո վերա, ինչպես ես ինքս ևս ցորչափ կոմսի մերձավորներից մինն չէր ինձ հայտնած առանձնաբար՝ չէի հասկանում, և չէի կարողանում գուշակել, թե Սխոլաստիկ ո՞վ է, երազի մեջ Մագիստրոս ո՞վ է, այն մարդն՝ որո վերա գրված է «Հայ մարդու հայրենիքը» վերնագրով ոտանավորն, ո՞վ է, թե Շամիլն ո՞վ է, թե Բեգզադեն ո՞վ է և այլն» (Մ. Մաշտոցի անվան Մատենադարան, Մսերյանների արխիվ, թղթ. 192, վավ. 123)։

1861 թ. «Մեղու Հայաստանի» թերթի թղթակիցներից՝ Անդրեաս Պետրոսյան ստորագրությամբ մեկը «Հյուսիսափայլի» դեմ տպագրած իր հոդվածում ասում է. «Չէ՛, Կոմս էմմանուել, այդպես չէ՛, մեր խոսածը Բեկզադեի վերա չէ՛, որ չգիտենք, թե ո՛վ է, որի վերա կարողանաս ծածկաբար խոսել ինչ որ կամենաս» («Մեղու Հայաստանի», 1861, № 6, էջ 46)։ Ակներև է, որ տվյալ դեպքում հոդվածագիրը հեռու է Բեկզադեին հավաքական կերպար ընդունելու մտքից։

Այս փաստերը, սակայն, եթե օգնում էին որոշ չափով հաստատելու Բեկզադեի կերպարի նախատիպի հարցը, դեռևս չէին լուծում Բեկզադեի առեղծվածը։

Ինչպես արդեն ասվեց «Հիշատակարանի» առաջին ծանոթագրության մեջ, Նալբանդյանը ներկայացնելով պարոն Խ.-ին, որն «ընդդեմ ամենայն քաղաքավարության» նրա մոտ էր եկել «գիշերազգեստով (խալաթով)», նկատի է ունեցել վաճառական Խալաթովին (կամ Խալաթյանին)։ Բեկզադեի յոթ հրաշալիքներին նվիրված ԺԲ գլխում կոմս էմմանուելը, շարադրելով իր հերոսի առաջին «սխրագործությունը», ասեք իմիջիայլոց, գրում է հետևյալը. «Այս գործողութենից հետո, մի քանի մարդիկ տեսնում են Բեգզադեին, որ նա, քաղաքի նշանավոր փողոցի մեջ, յուր վաճառանոցի առաջև, օր ու ցերեկով, գիշերազգեստը հագած ման է գալիս մի հրեայի հետ, աշխատելով խաբել, կամենալով մի մուշտակ գնել նորանից» (տե՛ս սույն հատորում, էջ 174)։ Այս տողերով Նալբանդյանը թողել է նաև այդ այլաբանության բանալին, որն է՝ գիշերազգեստ-խալաթ-Խալաթյան:

Այսպիսով, «Հիշատակարանի» առաջին գլխում իր հերոսին ներկայացնելով պարոն Խ. անունով, Նալբանդյանը հետագայում ծրագրում և ստեղծում է գրական մի կերպար, որին կոչում է Բեկզադե։ Թեև Խալաթյանի անձնավորության և գործերի մասին առայժմ չունենք որոշակի տվյալներ, բայց հաստատ է այն, որ այդպիսի վաճառական, իրոք, Նալբանդյանի ժամանակներում ապրել է Մոսկվայում։ Այսպես, «Նոր քնար Հայաստանի» մատենաշարի հրատարակող Ոսկան Տեր-Հովհաննիսյանցը «Զանազան երգք» գրքույկների Բ. պրակի վերջին էջերում զետեղել է ժամանակի այն քաղաքացիների ծավալուն ցանկը,