Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միմիայն հռովմեական հայերի որդիքը, չնայելով կտակողի վերքին, ուրեմն և նվիրական կամքին, որով ավանդում էր կտակը համորեն ազգի օգտի համար> (էջ 149)։

Հարցի պատմությունն այսպիսին էր։

Մադրասի մեծահարուստ Եդուարդ Ռաֆայել Ղարամյանը Մխիթարյան միաբանության կողմից Հնդկաստան ուղարկված երկու վարդապետների հետ համաձայնության գալով՝ 7310 հուն (65.000 ֆրանկ) դրամագլուխ է առանձնացնում գանձատանը, որի տոկոսներով Մխիթարյանները պետք է թարգմանեին և հրատարակեին Հռոմեական պատմության 16 հատորները և Ռոլլենի Հնախոսության 13 հատորները: Դրանից հետո նրանց հանձնարարվում էր այդ տոկոսների տված հնարավորության չափով հիմնադրել մի դպրոց՝ «վասն աղքատ մանկանց հայոց»։ Սա 1785 թվականին էր։ 1791 թ. Ղարամյանը վախճանվում է։ Նրա կտակակատարներից մեկն էր փեսան՝ Սամվել Մկրտիչ Մուրադը, որն զբաղվելով այդ կտակի գործով, տարիներ անց, իր կողմից ևս կտակում է մի պատկառելի գումար՝ 150. 000 հուն (1.400.000 ֆրանկ), որպեսզի Վենետիկի Մխիթարյանները մի դպրոց հիմնադրեն հայոց ազգի աղքատ և որբ մանուկների համար։ Կտակը կաղմելուց կարճ ժամանակ անց, 1816 թ. Սամվել Մուրադը վախճանվում է։ Նրա ժառանգները կտակի գոյության մասին հայտնում են Մխիթարյան միաբանությանը, որտեղից 1817 թ. Հնդկաստան են ուղարկվում երկու վարդապետ, Սուքիաս Սոմալյանը և Սարդիս Թեոդորյանը։ Պատահում է այնպես, սակայն, որ ինչպես Եդուարդ Ռաֆայելի որդիները, այնպես էլ Սամվել Մուրադի ժառանգները փոխում են իրենց մտադրությունը և հրաժարվում են նվիրատվությունը հանձնելուց։ Մխիթարյան վարդապետները 1820-ին ձեռնունայն վերադառնում են Վենետիկ։ Նոր բանակցությունների համար Թեոդորյանը 1824-ին վերստին ուղևորվում է Հնդկաստան, որտեղ ամբողջ տասը տարի բանակցություններ է վարում կտակարարների ժառանգների հետ, պայմանագրեր կնքում, դատեր վարում և այլն։ Անգամ այն բանից հետո, երբ 1829-ին աբբահայրը նրան կարգադրում է թողնել այդ անհույս գործը և վերադառնալ, Թեոդորյանը շարունակում է մնալ Մադրասում։ Ի վերջո, նրան հաջողվում է շահել գործը, և ամբողջ գումարների իրավունքն ստանալով՝ 1835-ին վերադառնում է Պադուա։ Այստեղ, մինչ նրա գալը, 1832 թ. Մխիթարյաններն արդեն բացել էին Մուրադյան վարժարանը։ 1836 թ. Վենետիկում բացվում է և Ռաֆայելյան դպրոցը։ Երկու դպրոցների տեսչությունը հանձնվում է Սարգիս Թեոդորյանին։ 1846 թ. ավստրիական կառավարության ինչ-որ պահանջի պատճառով Մխիթարյանները Մուրադյան դպրոցը փոխադրում են Փարիզ։

Թեև Ս. Թեոդորյանի շուրջ քսանամյա ջանքերով կտակների կնճռոտ խնդիրը բավարար լուծում է գտնում, և գումարները փոխանցվում են Մխիթարյան միաբանությանը, բայց լուրջ շեղում է կատարվում կտակի բուն ոգուց։ Բանն այն էր, որ լուսավորչական եկեղեցու դավանությանը պատկանող երկու կտակարարներն էլ իրենց կտակներով նախատեսել էին դպրոցներ հաստատել հայազգի որբ ու տնանկ երեխաների համար, առանց հաշվի առնելու նրանց դավանանքը։ Ահա թե ինչ էր գրում Սամվել Մուրադը իր կտակում. «Ես իմ հաշվագրքումն մին որբոց, աղքատաց և տնանկաց հաշիվ ունեմ. իմ ստացվածքիցն մին հարյուր և հիսուն հազար հուն հանեն և տանեն նույն հաշիվն, և հետ ասացյալ հարյուր հիսուն հազար հունն ասացյալ հաշիվն տանելեն, զոր ինչ որ ասացյալ հաշվումն տալիքս գումարի՝ ասացյալ գումարի բոլորն թողման ամ հայոց ազգի որբ և աղքատ մանկանց դպրատան շինության համար, որ ըստ խորհրդոյ և միջնորդության Վենետիկի հայոց միանձանց՝ ո՛ր մի կողմն Եվրոպիոյ որ աջողակ համարեն, գետին գնեն, և ասացյալ գետնի եկամուտն քանի մանկանը տարեկան ծախուցն որ բավական առի, այնքան