Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրար, իսկ «Հյուսիսափայլի» աշխատակիցները կվերանայեն իրենց գործունեության կերպը, Այվազովսկին առանց սպասելու Լազարյանի պատասխանին, դեկտեմբերի 7-ին շտապում է դիմել ներքին գործոց մինիստրին։ Թեմակալ առաջնորդի շտապողականությունը բացատրվում է «Հյուսիսափայլ» ամսագրի վերահաս 11-րդ համարի տպագրությամբ։ Այդ համարում հրատարակված էր Նալբանդյանի նամակը Նոր Նախիջևանի եկեղեցական գումարների մասին։ Դիմելով մինիստրին, Այվազովսկին ոչ միայն Նալբանդյանի այդ ելույթը դիտում էր իբրև իր ղեկավարած հայ համայնքի մեջ գժտություններ և պառակտում առաջացնելու միտում, այլև հոդվածագրին մեղադրում էր հայկական կրոնի և բարոյական սկզբունքների դեմ կատարած մեղանչումների մեջ։ Եվ այսպես, Այվազովսկին մեկ անգամ ևս շեշտելով ամսագրի, այսպես ասած, հակակրոնական և անբարոյական ուղղության փաստը, մինիստրից խնդրում է դադարեցնել ամսագիրը, իսկ Նալբանդյանին պատժել օրենքի ամբողջ խստությամբ (տե՛ս Միքայել Նալրանդյան, Վավերագրերի ժողովածու, տեքստը պատրաստեցին, խմբագրեցին և ծանոթագրեցին Ա. Ինճիկյանը և Գր. Հարությունյանը, 1956, էջ 93-95)։

Մեկ շաբաթ անց այդ գրությունից, Լազարյանին հայտնելով իր դիմումի մասին, Այվազովսկին խնդրում է նրա «գործարար օժանդակությունը», և, միաժամանակ կարգադրում իր թեմի քահանաներին՝ արգելակել «Հյուսիսափայլի» տարածման գործը։ Այս պարագայում հատուկ ուշադրության են արժանի թեմի քահանաներին ուղղված հրամանի հետևյալ տողերը. «Ընդհանուր ոգի և բազում ասացուածք այնը օրագրի մեծապէս վնասակար են ուղղափառ դաւանութեան Հայաստանեայցս եկեղեցւոյ և ուղիղ վարուց քրիստոնէութեան...) («Վավերագրերի ժողովածու», էջ 99)։

1858-1859 թթ. Այվազովսկին շարունակում է դիմել Խաչատուր Լազարյանին, հուսալով ստանալ նրա աջակցությունը՝ ամսագիրը դադարեցնել տալու հարցում։ Այդ ճնշումն այնքան արդեն ուժեղանում է, որ Լազարյանը Դելյանովի միջոցով հայտնում է Նազարյանին, թե այնքանով, որքանով «Հյուսիսափայլով» զբաղվում են երկու մինիստրները, ինքը, հավանաբար, պաշտպանել նրան չի կարողանա։ Հայտնի է, որ ներքին գործոց մինիստրը հունվարի 28֊ին Այվազովսկու գրության բովանդակությունը գրեթե բառացի հաղորդում է լուսավորության մինիստրին, որն իր հերթին, փետրվարի 18-ին դիմելով Ս. Պետերբուրգի ուսումնական օկրուգի հոգաբարձուին, խնդրում է բացատրություն պահանջել «Հյուսիսափայլի» գրաքննիչ Բերոևից («Վավերագրերի Ժողովածու», էջ 104-105)։

Այնուհետև սրան հաջորդում են «Հյուսիսափայլի» քննության հետ կապված ծանր իրադարձությունները, որոնք հայտնի են բանասիրությանը («Վավերագրերի ժողովածու», էջ 107-120)։ Եվ ահա՝ պաշտոնական իր դիրքով և քաղաքական կեցվածքով զանազան անախորժություններից հուսալիորեն պաշտպանված Այվազովսկուն Նալբանդյանը որոշում է հարվածել նրա կյանքի խոցելի մի օղակում՝ դավանաբանական մեղանչումների մարզում։

Նախընթաց էջերում արդեն խոսք եղավ Այվազովսկու դավանափոխության պատմության մասին։ Ասացինք նաև, որ 1857 թ. վերադառնալով Ռուսաստան, Ալեքսանդր II-ի կողմից նա ստանում է Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդի պաշտոնը։ Ուղղագիծ այս նշանակումով ինչ-որ չափով անտեսվում էին էջմիածնի Աթոռի իրավունքները, բայց դրանից ավելի Այվազովսկին կաթողիկոսի դժկամությունն էր առաջացնում ցարական պաշտոնատար անձանց հետ ունեցած իր բարեկամական կապերով, մի բան, որ տրամագծորեն հակառակ դիրքորոշում էր՝ «Պոլոժենիեի» վերաքննությանը հակամետ