Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մարդերի գործակատարությանը։ Թող նոքա, ինչպես մինչև այժմ և այսուհետև ևս, աշխատեն խաբել մեր ազգը և սուտ ու չնչին գովասանութեններով ներկելով նորա աչքը, նորա հանցանքը դնեն նորա առաջև որպես առաքինություն և հեռացնեն ժողովուրդը ամենայն օր ճշմարիտ լուսավորութենից, և մինչև անգամ սորա վերա մտածելուց ևս, որ ավելի հեշտությամբ և հաջողությամբ կարողանան հաստատ պահել խավարի դժոխային իշխանությունը մեր ցավելի և արտասվելի ազգի վերա։ Ի՞նչ է այդ մարդերի այսպիսի ուղղության շարժառիթը, ի՛նչ է, որ այդպես հաստատ պահում է դոցա յուրյանց կամակորության մեջ։ Բայց այս հարցմունքին ամենայն ստուգությամբ պատասխանելով, արդյոք բորբոքելու չէ՞ինք նոցա դեպի մեզ ատելության փայլակները․ ի՛նչ փույթ․ մի անգամ ասացինք, որ հիմարի դատաստանը անվավեր է, իսկ թե այդ հիմարության հետ միավորված էր մի կազմվածքի մեջ և խաբեբայություն, տարակույս չկա, որ այդպիսիների խոսքը, կարծիքը, ցնորաբանությունքը իմ համար մի ժանգոտ կոպեկի արժանավորություն չունին, ուրեմն պատասխանենք այդ հարցմունքին, որ շատ մարդ մեր ազգից կարող էր առաջարկել ինձ։

Այն շարժառիթը․ որ ստիպում է սուտ ազգասերներին, նվիրելով յուրյանց անձը ստության սպասավորությանը, ամուր պահել խավարի թագավորությունը մեր ազգի վերա, է դույն այդ օբսկուրանտների անձնապահությունը, փառասիրությունը և շահասիրությունը։

Անձնապահությունը: Եթե այդ օբսկուրանտները մի տղայական, կամ ավելի լավ՝ պառավական ցնորամտությամբ համարում են յուրյանց անձը մի բանի կարգում մեր ողբալի ազգի մեջ, և եթե մեր ազգը կամ գոնե նորա մեծ մասը անդատողական երեխայի պես կարծում է, թե այդ սուտ ազգասերքը, օբսկուրանտները, եզվիտները և Մաքիավելու հոգով տոգորված մարդիկը, մի բան են, մի նշանակություն ունին որպես մարզ, մարդկեղեն աշխարհի մեջ, դորա պատճառը է մեր ազգի անկրթությունը և լուսավորութենից զուրկ լինելը։ Ազգը մնալով այս սարսափելի դրության մեջ, վերևում հիշված սուտ ազգասերքը և մյուսերը մնալու են նույն հարաբերության մեջ դեպի մեր ազգը, որպիսում գտանվում են այժմ։ Ապա եթե ազգը լուսավորվի, նայի հետ և հառաջ, քննե յուր անցածը, ներկայն և գուշակե ապագայն, այլև հոգաբարձու լինի սորան բարվոքելու համար, իսկույն այդ րոպեին, որպես մի էլեկտրական հարվածով վերջանալու են մարդ լինելուց նորա խարդախ, առաջնորդ ձևացած սուտ ազգասերքը և մյուսերը։

Խավարի զավակները լավ գիտեն յուրյանց գլխին գալիքը, այդ