Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


վրա հարկավոր էր մի փոքր մտածել։ Այն էլ Համասփյուռը, որ սովորաբար նկարագրվում է որպես մի խորագետ կին.«Սատանի հետի ոտն էր պառավը» ասում է հեղինակը (եք. 116)։

Հայի պատիվը, որևէ կերպով, եթե ոչ բոլորովին փրկելու, գեթ մի մասնով պաշտպանելու համար ստիպվում ենք կատարելություն չգտնել Սոսի փեսայի կամ քրոջ դավաճանությանց նկարագրության մեջ։ Ասենք, թե Տիրանը որպես մի անարգ մարդ կարող էր ընդունակ լինել այդպիսի դաժանության, բայց Սոսի քույրը, որ ոչինչ թշնամություն չունի իր եղբոր հետ, ինչպե՞ս, միայն իր էրկա սադրելով, այն խաղը կխաղար եղբոր գլխին։ Ավելի հավանական է, որ քույրը իմանալով էրկա դավաճան խորհուրդը իր եղբոր ընդդեմ, եթե չկարողանար հայտնի դեմ դնել նորան, գեթ ծածուկ տեղեկություն կտար իր եղբորը, առանց ամենևին հոգով սրտով իր էրկա դավադրության հաղորդ լինելու։ Ազգակցական և քույր֊եղբայրական բնական կապերը այնքան ամուր, իսկ ստանալու կաշառքը մի թշվառ 15 մանեթ․ մինչդեռ աղտը և դավաճանության ամոթը գրեթե եգիպտական բուրգերին հավասար։ Չգիտենք թե ի՛նչ մտածենք, մի՞թե հավատանք։ Բացի սորանից, ինչ խորհուրդ ունի դուռը կողպել և բանալիքն էլ հանել։ Սոսին իրենց տանը փակելով ինչ օգուտ կարող էին քաղել, մանավանդ, երբ նա բարկացած գոռում է,թե «Դուռը բաց արեք», Տիրանը, ահից, ծակերն է մտնում: Մնում է տակավին Սոսի մոր, այդ բանում, պիտակաբար հանդես գալը։ Եվ զարմանալի է, որ Վարդիթերի մայրը Արշավրի ձեռքում Գարեգնի մատանու շատ թույլ և անխելք խաղի մեջ, հաշվե թե նույն պաշտոնն է վարում, ինչ որ Սոսի մայրը Տիրանի ձեռքում, երկուքն էլ ակամա դավաճանակից են լինում, մեկը իր որդուն, մյուսը իր փեսային։ Ասենք,կյանքի պարզությունը կարող է օգնել, որ հեղինակը մեկ մասնով արդարանա, բայց այս բաները ավելի են քան թե պարզություն։

Այն մատանու խաղը, որ հիշեցինք, շատ անաջող գյուտերից մինն է, շատ անտեղի անցք և բոլորովին խելքի հակառակ, եթե աչքի տակ ենք առնում բոլոր հանգամանքը։ Ի՜նչ երեխայություն է. «Դու այսպես ասա կամ այնպես ասա» և այն խրատողից թելադրված մորը կամ իրեն իսկ խրատողին, որպես թե աղջիկը տալը կամ չտալը կախվում է լոկ Գարեգնի խոսքից։

Առաջ էլ ասացինք, որ հեղինակը անդադար պարապելով իր առաջնակարգ ներգործողների հետ մեզ զրկում է շատ հարցասիրության արժանի տեղեկություններից։ Շատ բան անց է կենում Գարեգնենց տանը,բայց Գարեգնի տան մասին գրեթե մենք ոչինչ գիտենք։ Երկու-երեք տեղ,