Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այնպես և ուրիշ տեղերում։ Մեր բոլոր հետաքննությունքը համոզեցին մեզ, թե այդ սքանչելի կանթեղը ուրիշ բան չէ, եթե ոչ սուրբ Հելմոսի կրակը, որ մի դիպվածում էլ անվանվում է Կաստոր և Պոլլուկս։

Այդ կրակի վրա էլ սուրբի անունը, որ կպել է մանավանդ, ստիպում է մեզ մի փոքր տեղեկություն տալ նորա մասին, որպեսզի ընթերցողք մի գերբնական բան չհամարեն սորան և չասեն, որ եթե սուրբի միջնորդությամբ դարձյալ պիտի մեկնվի այդ կրակը, էլ ո՞ւր Լուսավորիչը թողած գնանք մի սուրբ Հելմոսի քամակից, որին բնավ մեր կեղեցին չէ ճանաչում։ Սուրբ Հելմոս խոսքը, ինչպես կարծում են Հելենեի ավերանքից է առաջացել, որովհետև այդ կրակը քրիստոնեությունից առաջ էլ նշմարած են, և ինչպես առաջ, այնպես և քրիստոնեության ժամանակ, նույն այդ կրակը, ինչպես ասացինք, անվանվում է մի դիպվածում Կաստոր և Պոլլուլկս, որի մասին կասենք մի երկու խոսք։ Իսկ թե ի՛նչ է այդ կրակը, ահա մեր ծանոթաբանության բուն խորհուրդը:

Ենթադրում ենք, թե ընթերցողը փոքր ի շատե գաղափար ունի էլեկտրականության վրա, ապա եթե այս չենթադրելով խոսելու լինինք, այն ժամանակ պիտի ստիպվինք ամբողջ էլեկտրականության համակարգությունը ավանդել, որ կամ ֆիզիկայի գործ է (այսինքն ֆիզիկայի մասին գրված գրքի) կամ մի առանձին հատվածի էլեկտրականության մասին և ոչ բնավ կարելի է թույլ տալ այս տեղում։ Ուստի, ենթադրում ենք, ինչպես ասացինք, մի փոքր գիտություն, մի գաղափար, էլեկտրականության մասին։

Երկրագնդի և ամպի մեջ առաջանում են էլեկտրական լարողությունք, որ առանձնանում են ամպի և երկրագունդի մեջ եղած օդով, որովհետև օդը վատ առաջնորդ էլեկտրականության: Երկրագունդի և ամպի մեջ առաջացած էլեկտրականությունքը զանազան են, նոցանից մինը անվանվում է դրական, իսկ մյուսը բացասական։ Եվ որովհետև այս էլեկտրականությունքը այլասեռ են, ուստի բնական օրենքով նոքա քաշվում են, որ միանան իրար հետ։ Եթե ամպի էլեկտրականությունը հանկարծապես միանա երկրագունդի էլեկտրականության հետ, այն ժամանակ այդ միավորությունը զգալի է լինում մեզ որպես կայծակ։ Երկու զանազան ամպերի մեջ էլ գոյանում են շատ անգամ այն վերը հիշված երկու այլասեռ էլեկտրականությունքը․ և երբ նոքա իրենց այդ օդեղեն բարձրության մեջ միանում են իրար հետ, մենք տեսնում ենք նոցա լույսը՝ փայլակ, և լսում ենք նոցա միավորությունից առաջացած