Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ճշմարիտն ասելով, մեզ անհասկանալի է այս երևույթը, որովհետև հեղինակը վկայում է թե մողնեցոց ամեն բանները լավ են և հանդերը շատ։ Թեև արգո հեղինակը ցույց է տալիս մեզ նոցա ծուլության վրա, բայց մինչև այդ աստիճանի ծուլությունը մեզ նույնպես անհասկանալի է։ Արդյոք մի ներքին վերք չկա՞ այդտեղ, որ խանգարում է տնտեսական կյանքի բնական ընթացքը։ Թե այսպես և թե այնպես ողբալի բան։

Երևի թե մողնեցոց վիճակից լավ չէ և կարբեցոց և հանավանքցոց վիճակը, երբ նոքա այգեքաղի ժամանակ 5 — 6 հարյուր հոգի գալիս են Աշտարակ այգի քաղելու, երբ Վարդիթերի հայրը տասն այդպիսի մշակ առաջն արած տանում է իր այգին ամեն մինին իր քաղլակովը մին հավող խոստանալով։

Մենք խոստովանում ենք, որ բնավ տեղեկություն չունինք, թե ի՛նչպես էին այն կողմերի մեր գեղացիների հարաբերությունը հողի հետ։ Այս պատճառով սանձում ենք մեր գրիչը, որ անգիտությամբ դատողություն չանենք, այս շատ ցավելի բաների մասին։

Սակայն ինչպես ամենայն ճանապարհորդի ներելի է, առանց թերևս զանազան պատճառների խոր քննության, միմիայն իր վրա եղված տպավորությանը նայելով այս կամ այն տեղի մասին այսպես կամ այնպես կարծել, այնպես էլ մենք, որպես ճանապարհորդ, մի քանի շաբաթ մնալով էջմիածին և ընդունած լինելով մի քանի տպավորությունք, չենք կարող չասել այն, ինչ որ, այդ տպավորությանը հիմքի վրա, մեզ թվում է։ Աշնան Մողնու ուխտից էջմիածին թափվող ահագին բազմությունը մեր սիրելի ազգակցաց, շատ ցավելի տպավորություն է գործել մեր վրա։ Դոցանից մեծագույն մասի, Տաճկաստանից կամ Պարսկաստանից գաղթած հայերի, այլակերպ և վերջին աստիճանի պատառոտուն հանդերձները, մի գրաստի վրա այր և կին իրենց մի քանի երեխաներով միասին նստելը, իրենց կեցությունը երկու երեք օր Ղազարապատի դրսումը մեզ տեղիք է տալիս ենթադրել մի ողբալի աղքատություն, որից չէ փրկել գաղթականությունը։ Մենք այդ մարդոց ներքին կացությունը չգիտենք, այսինքն այն ընկերական պայմանները, որոնց մեջ էին նոքա իրենց գեղում. ուստի, և, ինչպես առաջ ասացինք, այդ աղքատության պատճառը չենք կարող հաստատապես գիտենալ։ Հավանական է միայն, որ անկրթությունը և իմացական խեղճությունը բնականաբար վնասակար հետևանքներ պիտի ունենային, մանավանդ, երբ դպրոց-մպրոց չլինելուց հետո բերանացի խրատներ էլ կամ չեն լսում իսպառ, կամ թե լսում են լոկ խավարի խոսքը։ Վերջին