ավելորդ են Նոր քաղաքի և Վաղարշապատի նույնությունը ապացուցանելու համար․ որովհետև ճշմարտությունը աչքի հայտնի է։
Թե ի՛նչ ժամանակից է սկսվել Վաղարշապատի Նոր քաղաք կոչ- վիլը, այդ մասին պատմությունը ոչինչ չէ ասում մեզ. բայց հավանականաբար կարելի է ենթադրել, թե այդ եղել է մեր քրիստոնեությունից հետո և շատ կարելի է թե ս.Գրիգոր Լուսավորչի և Տրդատի օրով Վաղարշապատը եղած լինելով կենտրոն քրիստոնեության ամենայն հայոց, որպես նաև առաջին օրորոց հայկական ընդհանուր քրիստոնեության, փոխել են նորա անունը, որ կռապաշտության ժամանակից էր մնացած և դրել են Նոր, թերևս խորհրդով փոխ առնելով այդ անունը Ս. Գրքից։ «Եւ գրեցից ’ի վերայ նորա զանուն Աստուծոյ իմոյ, և զանուն քաղաքի Աստուծոյ իմոյ՝ զնո՛րն Երուսաղեմի, որ իջանելոց է երկնից Աստուծոյն իմոյ. և անուն նորա Նոր»: Ցայտն․ գլ․ Գ, համ. 12։ Թե մեր բազմերախտ և առաքելանման Լուսավորիչը ամենայն նախանձահուզությամբ հետամուտ էր երբեմն քարոզությամբ հեզության հոգով և երբեմն թագավորական հրամանով զորքով և զենքով ջնջել և անհետացնել հավիտյանս հավիտենից ամեն բան, որ կարող էր հիշեցնել կռապաշտությունը, այդ ապացուցի կարոտ խնդիր չէ. որովհետև պատմության ձեռքով արդե՛ն ապացուցյալ ճշմարտություն է: Բայց սակայն չենք կարող ասել, թև բուն ս.Լուսավորչի օրով է եղել այդ անվանափոխությունը․ ըստ որում նորա սկսածը կատարելագործեցին նորա առաքելանման որդիքը և թոռները։
Վաղարշապատ քաղաքը ունի այսօր իր սեփական եկեղեցին. և ս. Կաթողիկե էջմիածինը էլ չէ կոչվում այդ քաղաքի անունով։ Այսօրվա մեր ամենայն հայոց եկեղեցյաց Մայրը բնա՛վ Վաղարշապատի մեջն էլ չէ,այլ նորա հարավային կողմում, առանձին և շենից մեկուսի։ Բայց սակայն այդ եկեղեցին շինվել է Վաղարշապատի կենտրոնում․ և այս մասին կան ստույգ վկայությունք․ թեև Վաղարշապատից մնացած գեղը հեռացել է այժմ նորանից։ Էջմիածինը հիմնված է ս.Լուսավորչի ձեռքով բո՛ւն Վաղարշապատի մե՛ջ տեղը, մոտ թագավորական պալատին, որ գուցե ընկնում էր եկեղեցու հարավային արևելյան կողմը, ըստ որում այդ կողմից փակված մի դուռ, մինչև այսօր էլ ավանդությամբ, կոչվում է «Տրդատա դուռ»։
Ս. էջմիածնի արևմտյան կողմից, տակավին երևում է այսօր, Վաղարշապատի հողե պարսպի մնացորդը, քաղաքից ավելի հեռու քան թե Վանքը, հյուսիսից դեպի հարավ ուղղված։Ղազարապատից դուրս գալով, եթե իսկույն դեմքդ շրջես արևմուտք և աջ կողմդ սրբազանա