լուծվի։ Ոչինչ բռնություն, ոչինչ պահպանողական համակարգություն, ոչինչ ընդդիմադրություն, որևիցե կողմից, չէ պիտո կարողանա փակել նորա առաջքը, թեև այսօր հալածակա՜ն և աքսորակա՜ն են այդ ապագայի մարգարեքը և առաքյալքը։
Եվ ինչպես միջին դարերում, Ասիո անկյուններից խուռն բարբարոսներ իջան ու հեղեղեցին Եվրոպա, այնպես ևս մարդու և հացի խնդիրը լուծվելուց հետո, եվրոպական մարդը պիտի իջանե Ասիա։ Պիտի գա օր, երբ այն պառավ Ասիան պիտի մանկանա, և ասիական ազգերը այն վայրկենից պիտի սկսանին յուրյանց պատմությունը, եթե ընդունակ լինին իբրև ազգ ապրելու. իսկ եթե ոչ, օրըստօրե կանհետանան, որպես մի կաթիլ համատարած ծովի մեջ։ Ամերիկան, Ավստրալիան, այլ երկրներ և կղզիք կենդանի վկայք են մեր խոսքին։ Ասիո ապագան ավելի մեծ է, ավելի լայն է տնտեսական խնդրի վերաբերությամբ, քան թե Եվրոպիո ապագան։ Հայերին մնում է վաղօրոք օգուտ քաղել յուրյանց դրութենից։
Կարող են, դարձյալ, դիմադրել, որ եթե մեր հայացքով, միայն մարդ ու հաց կա աշխարհի երեսին, եթե մեք, մի կտոր հողի վերա, քարոզում ենք հավասար իրավունք, ուրեմն, ազգության խնդիրը և ուշադրության արժանի բան չէ. մարդը, ապրել է հայի անունով, թե մի այլ անունով, դարձյալ միևնույն մարդն է, և այլն։
Այո՛, եթե հավասար իրավունքը այսօր խոստովանվի բոլոր երկրագունդի վերա, եթե ներկա եղած պետական համակարգությունքը այսօր ոչնչանան, վաղը ոչ միայն չէ մնում ազգության խնդիրը, այլ հարկավոր ևս չէ։ Բայց այս է բանը, որ դորան հասնելը ժամանակի է կարոտ. և մինչև այն ժամանակ «արքայութիւն Աստուծոյ բռնաբարի, և բռունք յափշտակեն գնա». մինչև այն ժամանակ, «սահմանք քաջաց, զէնք իւրեանց» — ասում է մեր իմաստուն Ծերունին։ Մեք ուրախ չենք, որ այսպես է լինում, մեք ուրախ չենք, որ մի ազգ ճնշում է, հարստահարում է մյուս ազգը, և յուր զենքով սահման է դնում նորա հողի վերա, բայց որովհետև մեր տրտմությունը ոչինչ է, համ եմ ատելով այն մինչև այժմ եղած կարգի հետ, ուստի մեր կարողությունքը ուղղում ենք մեր ազգությունը պաշտպանելու համար։ Եվ մեր ամենիս պարտքն է մինչև այն ժամանակ մնալ ազգության դրոշի տակ, որքան ուրիշը կրում է յուր սեփական ազգության դրոշը։ Բայց, այս ասելով, կամք չունինք ազգությունը կույր ֆանատիկոսություն դարձնել։ Հերիք է, որչափ կույր և ֆանատիկական ազգությունը ունի յուր եսական կողմերը. հերի՛ք է, ասում