Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սովորական կյանքի մեջ, մասնավոր մարդը աշխատում է յուր անձնական օգտին և յուր անձնական ապահովության համար, ինչպես շատ տեղ վնասում է նա մի ուրիշ անհատի անձին և օգտին, այնպես ևս մարդերի հավաքական անձնավորությունը, — ազգությունը, պահում է և պաշտպանում է յուր օգուտը, և ոտքի տակ է կոխում ուրիշ յուր պես անձնավորության շահը։ Ազգը, այսինքն, կենդանի մարդերի մի ահագին բազմություն, համարվում է կենդանի, եթե կա և չէ մեռած նորա հավաքական անձնավորությունը — նորա ազգությունը. համարվում է դարձյալ մեռած, դատապարտված և իրավունքից զրկված, եթե չկա այլևս նորա ազգություն։

Վերևում ասացինք, որ ազգի մահը անհատի մահի պես չէ՛․ ասացինք, որ ազգը չէ մեռնում ֆիզիկապես․ ի՛նչպես, ուրեմն, մեռնում է ազգությունը։ Մահը անհասկանալի է, եթե չգիտենք կյանքը, ուրեմն հառաջ կյանքը։

Ի՛նչ է կյանքը։

Կյանքը է անդադար շարժողություն, նյութերի անդադար փոխանակություն և անձնապահություն։ Արտաքին ուժերը ներգործում են էակի վերա (սովորական ոճով խոսելով) ավերողապես, էակը անդադար շարժում է, ընդունում է նյութեր, դուրս է տալիս նյութեր և քանի որ կարող է շարժիլ և այս գործողությունը կատարել, նա ունի յուր ներսում ուժ և զորություն, որ դեմ է դնում արտաքին ավերիչ ուժերի ազդեցության և քանի որ կարողանում է նոցա դեմ դնել, պահպանում է յուր անձը,— ապրում է։ Բայց երբ էակի ներքին և արտաքին ավերիչ ուժերի մեջ ընկնում է հավասարակշիռը, երբ էակը չէ կարող յուր ուժով դեմ դնել արտաքին ազդեցությանը, նա չէ կարող պահպանել յուր անձը և այն րոպեին մեռնում է։ Արտաքին ուժերը հաղթահարում են նորան և լուծում են նորա կազմվածքը։

Ազգությունը ապրում է, եթե նորա մեջ․ կա, արտաքին, ավերիչ ուժերի հավասարակշիռ զորություն. թե ի՛նչ է այդ զորությունը, մեք հետո կխոսինք, այժմ այսչափ միայն հարկավոր է ասել, որ եթե չկա այդ զորությունը, արտաքին ուժերը հաղթահարելով ազգությունը, լուծում են նորա կազմվածքը։ Եվ ինչպես բնական էակները կորուսանելով յուրյանց ուժը, հաղթահարվելով արտաքին ուժերից մեռնում են, և ինչպես նոցա կազմ․ վածքի մեջ մտած նյութերը, լուծվելով կազմվածքից, շարունակում են յուրյանց կյանքը, կազմելով մի այլ էակ, կամ իբրև նյութ, պիտոյանալով այլ կազմվածքի, այնպես ևս ազգությունը մեռնելուց հետո նորան բաղկացնող անհատները ընդունում են այլ բարոյական ՛կերպարանք,