ընտանիքի տերը և այս պատճառով քո ունեցած կարողությունը հերիք է այսօր մի ընտանիքի. բայց, վաղը քո ստացվածքը պիտի բաժնվին քո զավակների մեջ, որոնց յուրաքանչյուրին բաժին պիտի հասնի քո ունեցածի կեսը, կամ քառորդը, կամ ավելի մի փոքր մասը, եթե շատ են քո զավակները։ Եվ ահա կարողությունը, ուժը դեռևս առաջին ազգում (պորտ) կիսվեցավ, քառորդվեցավ, կամ ավելի փոքր մասերի բաժնվեցավ. բայց մի մոռնար, որ այն յուրաքանչյուր մասերի տերերը առանձին-առանձին պիտի կազմեն քո նման գերդաստան։ Յուր կարգով, նոցա քեզնից ստացած բաժինքը պիտի բաժնվին նոցա զավակների մեջ, որ ասել է թե քո թոռներին, քո ունեցածից հազիվ պիտի հասնի հարյուրին 5—6 տասանորդ։ Իսկ թոռներիդ որդիքը դարձյալ պիտի մտանեն այն աղքատ ընդհանրության մեջ, որից դուրս եկար դու, և ազատ կարծեցիր այնուհետև նորա վիճակակցութենից քո սերունդը, քանի որ ինքնիշխան տեր էին քո բոլոր ըստացվածքին։ Այն մարդը, որ յուր հարստությամբ կամ որևիցե առիթով դուրս կբարձրանա հասարակաց ազգի մակերևութից, բոլոր նորա սերունդը չէ կարող մնալ այն բարձրության մեջ։ Կանուխ թե ուշ, նա պիտի դառնա դարձյալ դեպի այն ընկերությունը, որից կյանք էր ստացել սերունդի նահապետը։ Ծովի ջուրը գոլորշիանալով բարձրանում է մինչև ամպերը, բայց երկար չէ մնում այնտեղ։ Մի փոքր սառնություն, մի փոքր օդի ճնշողություն և, ահա, այն թռուցիկ շոգիները, որ թողել էին ծովի հորիզոնական մակերևույթը, իբրև անձրև կամ իբրև կարկուտ անհնարին բռնությամբ գահավիժում են, յուրյանց հպարտ բարձրութենից, դարձյալ դեպի ծով այս, բնության օրենք է, օրենք, որ մի մազի չափ չէ շեղում յուր զուգակշիռը։
Փոքրիշատե կարողության տեր մարդը, մեր ասածին, պատասխանում է այսպես։ — Ես իմ հորից ոչինչ ստացա, ինքնին, առանց մի բան ունենալու այսչափ վաստկեցա միմիայն իմ աշխատությամբ։ Իմ որդիքը ավելի լավ վիճակի մեջ պիտի սկսանեն յուրյանց ասպարեզը, քան թե ես, քանզի ես ոչինչ ունեի, իսկ որդոցս յուրաքանչյուրը պիտի ստանա իմ կայքի կեսը, կամ քառորդը, կամ, ի վերջո, մի մաս։ Թո՛ղ նոքա այն հիմքի վերա աշխատին, և նոցանից յուրաքանչյուրը կհասնի իմ կարողության չափին. այնպես և նոցա որդիքը և այլն և այլև։ — Եթե հանգամանքները մեզ հնազանդվեին, եթե մեք ամեն բան մեր կամեցածի պես կարողանայինք շինել, եթե տեսական հաշիվը միշտ ուղիղ գար կյանքի գործնական կողմերի հետ, այն ժամանակ գուցե ուղիղ լիներ քո ասածը, գուցե քո որդիքը կամ նոցա սերունդը ապահով