Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խորհուրդների և ընկեր-բարեկամներիս մասին տված հույժ հետաքրքրական տեղեկությունների համար։ Ինչ վերաբերում է հայերի համակրությանը՝ ինձ մնում է միայն նրանը շնորհակալություն հայտնել, այժմ ուրիշ ոչնչով չեմ կարող հատուցել։

Հրեաների վերաբերյալ Անանիայի հետ ես համաձայն չեմ։ Շատ բան ունեմ ասելու այդ` հետաքրքրությունից ոչ զուրկ հարցի մասին, բայց այստեղ խոսելու տեղը չէ, բացի այդ, նման հարցերի պարզաբանման համար հարկավոր է ոչ թե ինչ-որ մի թերթ թուղթ, այլ ամբողջ ուսումնասիրություն, դրա համար էլ թողնենք այդ ավելի հարմար ժամանակի, քան այժմս է։ Եթե տեսնեք շատ հարգելի հրեա գիտնական հայր Ֆիրկովիչին, հայտնեցեք նրան իմ անկեղծ հարգանքը։ Երևի նա ինձ կների, որ ես այն ժամանակ չկարողացա նրա մոտ լինել իմ հիվանդության պատճառով և աններելի անփութության հետևանքով։ Վերջերս ինձ ասացին, որ պ. Նորովը, Ա. Ս., նախկին մինիստրը, Սինայում հայտնաբերել է Աստվածաշնչի ամենահին հունական մի ձեռագիր, միայն չկարողացան ինձ ասել, թե ո՛ր դարին է վերաբերում. թերևս այդ մասին խոսել են ժուռնալներում, թերևս այդ մասին պ. Ֆիրկովիչը գիտե։ Ինձ համար շատ հետաքրքրական է այդ մասին որքան կարելի է ավելի բան իմանալ։ Եթե սա գրված է Քրիստոսի ծննդից մի քանի դար առաջ, ապա այս իսկական գանձ է ստուգելու հրեական նազարեթյան տեքստը և Քրիստոսի ծննդից հետո 3֊րդ դարում Օրիգենի հավաքած հունական թարգմանությունը, որը համարվում է 72 մեկնիչների իսկական թարգմանությունը և որից 5-րդ դարում կատարված է մեր թարգմանությունը (այդ բոլորի մասին Դոն֊Քիշոտը լռում է)։

Եթե Անանիան Ուստիմովիչին կամ Կովալսկուն նամակ գրի, ապա թող ինձնից նրանց շնորհակալություն հայտնի՝ ինձ ուղարկած ողջույնի համար։ Նրանցից առաջինին ցանկանում եմ լիակատար առողջություն, եթե տենդից դեռ բոլորովին չի ապաքինվել, իսկ երկրորդին ցանկանում եմ, որ ամբիոնն ստանա։ Այժմ որտե՞ղ է ծառայում Ալաջալյանը, դարձյալ հիվանդանոցի բանվորական բաժանմունքո՞ւմ, թե տեղափոխվել է մանկատուն՝ Воспительный дом. Մոսկվայից իմ մեկնելու ժամանակ Մ․ Ն. Պանովայի հետ նա այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէր՝ հավանորեն վերջինիս իր քրոջ հետ գժտված լինելու պատճառով, և լուր էր պտտվում, թե Իսահակն ամուսնանում է Նադ[եժդա] Նիկոլաևնայի հետ, չնայած դրան ես ոչ մի կերպ հավատալ չեմ կարող, բայց ո՞վ գիտե դրանց ինտիմ գործերը. թերևս Անանիան պատասխանե այս